ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացել է վեցշաբաթական երեխա՝ դառնալով աշխարհում այս հիվանդության ամենաերիտասարդ զոհը, գրում է Daily Mail-ը։ Ըստ հաղորդման՝ նորածինն անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել անցյալ շաբաթ և այդպես էլ գիտակցության չի եկել: Նրա մահվան մասին հայտարարել է Կոնեկտիկուտի նահանգապետ Նեդ Լամոնտը։ Լամոնտի խոսքով՝ երեխան այս հիվանդության ամենաերիտասարդ զոհն է։ «Մեծ ցավով այսօր տեղեկացնում ենք COVID-19-ի հետևանքով Կոնեկտիկուտում մանկական մահացության առաջին դեպքի մասին»,- հայտնել է նա։ «Կորոնավիրուսի թեստի պատասխանն անցյալ գիշեր հաստատել է, որ երեխան վարակված է եղել COVID-19-ով։ Այս վիրուսն առանց որևէ մեկին խնայելու հարձակվում է ամենախոցելի մարդկանց վրա»,- հավելել է նա՝ նահանգի բնակիչներին կոչ անելով մնալ տանը և սահմանափակել այլ մարդկանց հետ շփումը։ «Դրանից բառացիորեն կարող է կախված լինել ձեր և ձեր դիմացինի կյանքը»,-գրել է նա։ Աղբյուրը գրում է, որ դեռևս հայտնի չէ՝ արդյոք երեխան ունեցել է շնչառական խնդիրներ կամ հարակից հիվանդություններ: Համավարակի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսի զոհ է դարձել 5112 մարդ, արձանագրվել է վարակման 215 344 դեպք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 936 045 դեպք, 47 245-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194 576 մարդ։ Աղբյուրը՝ https://www.tert.am/ | |
| |
Դիտումներ: 255 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|