Ցեղասպանության կուլմինացիա. Սուրբ Սոֆիայի տաճարի վերափոխումն աշխարհիկ Թուրքիայի ավարտն է. Washington Examiner

Ամերիկյան Washington Examiner պորտալը հրապարակել է ԱՄՆ-ի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ալեքս Գալիցկիի հեղինակած հոդվածը` նվիրված Թուրքիայի իշխանությունների կողմից Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուն:

Հոդվածագիրը նշում է, որ Թուրքիայի քրիստոնեական համայնքների համար քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացումը նորություն չէ, սակայն Սուրբ Սոֆիայի տաճարի դեպքն առանձնահատուկ ծայրահեղ է:

Գալիցկին նշում է, որ որպես Հռոմեական կայսրության առաջին քրիստոնեական տաճար՝ Սուրբ Սոֆիան հանդիսանում է քրիստոնեական աշխարհի ամենասուրբ վայրերից մեկն ու հին քրիստոնեական քաղաքակրթության սիրտը: Այն մզկիթի վերածելն ավելին է, քան սադրանք, այն իրենից ներկայացնում է Թուրքիայի հրաժարվելն աշխարհիկությունից:

Սուրբ Սոֆիան առաջին անգամ մզկիթի է վերածվել 1453-ին, Օսմանյան կայսրության ձեռքով, Բյուզանդական կայսրության պարտությունից հետո: Այն դարձավ Անատոլիայի բնիկ ժողովրդի նվաճման խորհրդանիշ և նշանավորեց քրիստոնեական հալածանքների դարաշրջանի մեկնարկը, որի գագաթնակետը հանդիսացավ 1,5 միլիոն հայերի և ևս 1,5 միլիոն հույների, ասորիների և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունը 1915-1923 թվականներին:

Ցայսօր Թուրքիան հերքում է մարդկության դեմ ուղղված այս պատմական ոճրագործությունը` մշակութային ցեղասպանության շրջանակում փորձելով ջնջել տարածաշրջանից հայկական, հունական և ասորական քաղաքակրթության ներկայությունը:

Առաջին աշխարհամարտի ավարտից և Օսմանյան կայսրության անկումից հետո Թուրքիայի Հանրապետության աշխարհիկ հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը տեսավ, որ մզկիթ դարձված տաճարը վերածվել է «բոլոր քաղաքակրթությունների հուշարձանի», և այն վերածեց թանգարանի: Աթաթուրքի ժեստն ուղղված էր արտաքին աշխարհին իր երկրի աշխարհիկությունը ցույց տալուն, ինչպես նաև քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանության կոծկմանը:

Եթե Սուրբ Սոֆիայի տաճարի` մզկիթի վերածումը խորհրդանշում էր քրիստոնեության պարտությունը, ապա այն թանգարան դարձնելը վկայում էր Թուրքիայի Հանրապետության` սեփական քրիստոնեական համայնքներին պատմության տարեգիրք ուղարկելու ցանկության մասին:

Հոդվածագիրը նշում է, որ Թուրքիայի նեոօսմանյան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը Թուրքիայում իրականացվող ավելի քան 100-ամյա քրիստոնեական ցեղասպանության գագաթնակետն է:

Հարյուրամյակներ առաջ Թուրքիայի քրիստոնեական համայնքները կազմում էին երկրի բնակչության 20%-ը, այժմ կազմում են ընդամենը 0,2%-ը՝ ընդամենը 200 000 մարդ: Մզկիթի վերածումը վկայում է ավելի ու ավելի սարսափելի իրականության մասին: Իսկ հայերի համար, որոնք Թուրքիայում մնացած միակ քրիստոնեական խոշոր համայնքն են, ցեղասպանության սարսափներն ու հայկական քաղաքակրթության ոչնչացումը մինչև հիմա էլ զգալի են:

Ցեղասպանությունից հետո շատ հայկական եկեղեցիներ և պատմական վայրեր նույն ճակատագրին են արժանացել, ինչ Սուրբ Սոֆիայի տաճարն Աթաթուրքի` երիտասարդ հայկական պետության և հայ ժողովրդի մնացյալ հատվածի դեմ իրականացված արշավների շրջանակում:

Կարսում գտնվող 10-րդ դարի լքված եկեղեցին կարճ ժամանակ ծառայել է որպես նավթի պահեստ, հետո արդեն որպես թանգարան՝ մինչև 1993 թվականը, երբ այն վերածվեց մզկիթի: 19-րդ դարում Գազիանթեփում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին 20-րդ դարի մեծ մասում ծառայել է որպես բանտ, իսկ 1980 թվականին այն վերածվեց մզկիթի:

Հայաստանի և Թուրքիայի փակ սահմանին գտնվող Անիի 11-րդ դարի եկեղեցին (նախագծված հայ ճարտարապետ Տրդատի կողմից, որին հանձնարարված է եղել նաև գլխավոր վերափոխումները կատարել Սուրբ Սոֆիայի տաճարում երկրաշարժից հետո) թուրք ազգայնականներն օգտագործել են որպես քաղաքական հավաքների վայր, իսկ Թուրքիայի մշակույթի նախարարությունը 2010-ին այստեղ մահմեդական աղոթքի թույլտվություն էր տվել:

Գալիցկին իր հոդվածը եզրափակում է եզրակացությամբ, որ Թուրքիան, Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելով, հրաժարվում է աշխարհիկությունից և իր ձգտումներից դեպի Եվրոպա, որին ավելի վաղ ամուր կառչած էր:

Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի պատմությունը սկսվում է հռոմեացի կայսր Կոստանդիանոս Ա Մեծի օրոք: Նա է 324 թվականին հիմնել Կոստանդնուպոլիսը որպես կայսրության մայրաքաղաք: 326-ին Կոստանդիանոսը մայրաքաղաքում կառուցեց առաջին եկեղեցին Սուրբ Սոֆիայի անունով՝ Կոստանդնուպոլսի Օգոստոսյան հրապարակում: Սկզբնական շրջանում այն կոչվում էր Մեծ եկեղեցի, քանի որ չափերով գերազանցում էր Կոստանդնուպոլսի իր ժամանակակից մյուս եկեղեցիներին: Իսկ Սուրբ Սոֆիա անվանումը կառույցին տրվել է ավելի ուշ: Տաճարն առաջին անգամ հրդեհվեց 404 թվականին՝ ժողովրդական ապստամբության ժամանակ: 532 թվականի Թեոդոսիոսի վերակառուցած տաճարը կրկին կործանվել է հրդեհի պատճառով: Հրդեհից քառասուն օր անց Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն պատվիրեց դարձյալ վերակառուցել Սուրբ Սոֆիայի տաճարը, վերակառուցումը տևեց 532-537 թթ.:

1453թ-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (16.07.2020)
Դիտումներ: 140 | Վարկանիշ: 0.0/0
Մեղրի համայնքում նշվել է Տյառնընդառաջը
Մեղրի համայնքում նշվել է Տյառնընդառաջը

Շարմազանովը՝ ադրբեջանական մամուլի «ներշնչանքի աղբյ...
Շարմազանովը՝ ադրբեջանական մամուլի «ներշնչանքի աղբյ...

Դիտավորյալ այրու՞մ են աղբամանները. Երևանի քաղաքապե...
Դիտավորյալ այրու՞մ են աղբամանները. Երևանի քաղաքապե...

Գորիսում տնակներում բնակվող թվով 70 ընտանիքների բն...
Գորիսում տնակներում բնակվող թվով 70 ընտանիքների բն...

Կորոնավիրուսով նորածին աղջիկը առանց հաբերի 17 օրու...
Կորոնավիրուսով նորածին աղջիկը առանց հաբերի 17 օրու...

Այդ դղյակները պետք է տրամադրվեն բանակին՝ որպես հան...
Այդ դղյակները պետք է տրամադրվեն բանակին՝ որպես հան...

Հայ դիրքապահներն Ադրբեջանի Հատուկ նշանակության ջոկ...
Հայ դիրքապահներն Ադրբեջանի Հատուկ նշանակության ջոկ...

Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Սիսիանի գրադարանի աշխատակցուհիները դպրոցներին և նո...
Սիսիանի գրադարանի աշխատակցուհիները դպրոցներին և նո...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62