Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի ընտանիքը գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան

Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ՝ նախորդ ամիս Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի հարազատները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բարձրացնելով նրա կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու եւ այլ իրավունքների վերաբերյալ հարցեր:

Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում Սարդարյանի ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանը:

30-ամյա Սարդարյանը, հիշեցնենք, որպես անհետ կորած որոնվում էր 2020 թ. հուլիսի 8-ից. Գորայք համայնքի Սպանդարյան ջրամբարի մոտակայքում գտնվող արոտավայրում նա ձիով գնացել էր անասունների հոտի ուղղությամբ եւ չէր վերադարձել: Որոնողական աշխատանքները արդյունք չէին տվել, եւ 1 շաբաթ անց ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին հրապարակել, որում Սարդարյանը դժգոհում էր Հայաստանում իր նկատմամբ վերաբերմունքից եւ իբր քաղաքական ապաստան հայցում Ադրբեջանից կամ խնդրում իրեն փոխանցել երրորդ երկիր:

Նարեկ Սարդարյանի հարազատները հուլիսի 19-ին հրատապ միջոց կիրառելու դիմում էին հասցեագրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը հուլիսի 22-ին բավարարել էր այն՝ Ադրբեջանին պարտավորեցնելով մինչ սեպտեմբերի 2-ը տրամադրել տեղեկություններ Սարդարյանի գտնվելու վայրի, պայմանների, առողջական վիճակի եւ մի շարք այլ հարցերի մասին:

ՄԻԵԴ-ում Սարդարյանի ընտանիքի ներկայացուցիչ Արա Ղազարյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Ղազարյան, ի՞նչ հարցեր եք բարձրացրել Ձեր գանգատում:

- Բարձրացրել ենք կյանքի իրավունքի հարցը, քանի որ Նարեկի կյանքը պոտենցիալ վտանգի տակ է, խոշտանգման հարցը, որովհետեւ նաեւ խոշտանգման վտանգի տակ է, նաեւ՝ անձնական կյանքի հարգման հարցը, որովհետեւ տեսանյութում, որ անընդհատ պտտվում է, եւ իշխանությունները միջոցներ չեն ձեռնարկում, նա խոցելի վիճակում էր, եւ ամենակարեւորը, որ վերջերս հայտնաբերեցինք, այն է, որ խոսակցության մեջ Նարեկն ասում է, որ Ադրբեջանից ապաստան է հայցել՝ սպիտակ դրոշը ձեռքին  մոտենալով նրանց դիրքերին: Իրավաբանորեն այդ փաստն ինքնին նշանակում է հայցել ապաստան, այսինքն՝ եթե անձը սահմանը անցնելիս ասում է՝ օգնեցեք, ես փախել եմ այս երկրից, որ հանգրվանեմ ձեզ մոտ, դե ֆակտո ապաստանի հայց է, բայց դա նշանակում է, որ նրա նկատմամբ այժմ պետք է վարչական վարույթ հարուցված լինի, այլ ոչ թե քրեական գործ, եթե իհարկե նա հայցել է ապաստան:

- Բայց որքանո՞վ կարող է հավաստի լինել այդ տեղեկությունը:

- Հենց դրա վերաբերյալ էլ մենք տեղեկություն ենք խնդրել, որովհետեւ մեր պետական մարմինները պնդում են, որ նրան առեւանգել են, իսկ եթե առեւանգել են, նշանակում է չճանաչված ազատազրկում է, այսինքն՝ նրան ազատությունից զրկել են, բայց պետությունը դա չի ճանաչում: Հիմա մի հարց էլ է ծագում. եթե իսկապես նա հայցել է ապաստան, եւ Ադրբեջանը հանձն է առել այդ գործընթացը, ապա արդյո՞ք Ադրբեջանը ի վիճակի է նրա անվտանգությունն ապահովել այն դեպքում, երբ միջազգային ատյանները հաստատված են համարել, որ այնտեղ համատարած հայատյացություն է, եւ որ անազատության մեջ գտնվողների նկատմամբ բռնություն են կիրառում: Այսինքն՝ Ադրբեջանը այսպես թե այնպես պետք է ստիպված լինի Նարեկին երրորդ երկիր ուղարկել, որովհետեւ օբյեկտիվորեն չի կարող ապահովել նրա անվտանգությունը: Այս ամբողջը ցույց է տալիս, որ այդ տեսանյութը լեգենդ է, հնարովի պատմություն, որովհետեւ Նարեկը զբաղված էր իր խաղաղ աշխատանքով, եւ պարզապես նրա բախտը չբերեց, քանի որ ֆերման սահմանի մոտ էր: Եվ ուշադրություն դարձրեք՝ առաջին անգամ է, որ մեր իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել առեւանգման հոդվածով. դա նշանակում է, որ նրան առեւանգել են մեր տարածքից, իսկ իրավաբանորեն դա արդեն մարտահրավեր է, նոր կոնտեքստ:

- Նարեկի հարազատները ԱԱԾ-ում հարուցված գործով իրավահաջորդ ճանաչվե՞լ են, նախաքննության ընթացքից տեղեկացվա՞ծ եք:

- Այո, մենք նրանց ներկայացուցիչներն ենք, եւ փաստաթղթերի այն ծավալը, որ հնարավոր էր տրամադրել իրավահաջորդների ներկայացուցիչներին, ունենք  եւ ուղարկել ենք Եվրոպական դատարան:

- ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոց կիրառելու որոշումից մեկ ամիս է անցել, այս ընթացքում Ադրբեջանը որեւէ քայլ ձեռնարկե՞լ է, որեւէ տեղեկություն տրամադրե՞լ է ձեզ:

- Դեռ ոչ, բայց եւ Ադրբեջանն է պարտավոր կապի միջոց տրամադրել, եւ Հայաստանն է պարտավոր կապի միջոց հայցել Ադրբեջանից: Իհարկե, Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ չի համագործակցում Հայաստանի հետ, քանի որ դիվանագիտական հարաբերություններ չունի, բայց հիշենք Սարիբեկյանի գործը, որով Եվրոպական դատարանը սահմանել է, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը հիմք չէ, որ մարդու իրավունքների հարցերով պետությունները չհամագործակցեն: Ես ասեմ՝ երրորդ կողմի միջոցով նույնիսկ Հայաստանն ու Թուրքիան են համագործակցում, օրինակ՝ Վրաստանում Թուրքիայի դեսպանատան միջոցով համագործակցում են արտահանձնման գործերով կամ խիստ կարեւորություն ներկայացնող փախստականների գործերով, այսինքն՝ միջանկյալ համագործակցությունն ընդունված է տարբեր պետությունների միջեւ:

- Իրատեսակա՞ն է, որ մինչ վերջնաժամկետի ավարտը Ադրբեջանն այդպես էլ որեւէ քայլ չի ձեռնարկի:

-Չէ, դա բացառվում է, այնպես չէ, որ իրենք կանտեսեն Եվրոպական դատարանի՝ հրատապ միջոց կիրառելու որոշումը, որովհետեւ դա կնշանակի Կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում, եւ հարցն անմիջապես կմտնի Նախարարների կոմիտե, որը քաղաքական բանաձեւ պետք է ընդունի տվյալ պետության դեմ:

-Իսկ այդ տեղեկությունները որքանո՞վ են արժանահավատ լինելու մեզ համար:

- Դա արդեն այլ հարց է, տեղեկություններ այսպես թե այնպես կտրամադրի, բայց որքանով է հավաստի եւ ամենակարեւորը՝ որքանով է ամբողջական՝ հետագա քննության հարց է: Այսօր ամենահրատապ անհրաժեշտությունը կապի միջոց ապահովելն է, որպեսզի ընտանիքի անդամները կարողանան առանց միջնորդի, նկատի ունեմ՝ առանց Կարմիր Խաչի, շփվել Նարեկի հետ:

- Կարմիր խաչը օրերս հայտնեց, որ տեսակցել է Նարեկին: Ի՞նչ վիճակում էր նա, ի՞նչ հայտնի դարձավ այդ այցի արդյունքում:

- Դե, Կարմիր խաչի տեսակցություններից, որպես կանոն, ստացվում է այն տեղեկությունը, որ նորմալ է ամեն ինչ, իրեն լավ է զգում եւ այլն, եւ այլն: Շատ կցկտուր ծավալի տեղեկություն է, բայց ես չեմ մեղադրում Կարմիր խաչին, քանի որ նրանց մանդատը շատ սահմանափակ է, հումանիտար բնույթի է, իրավական գործընթացներին նրանք չեն խառնվում, շփվում են միայն հարազատների հետ: Մեր ունեցած տեղեկությունը այն է, որ նա լավ է, բայց նա անազատության մեջ է, իսկ եթե անազատության մեջ է, չի կարող ապաստան հայցող հանդիսանալ, այսինքն՝ հակասություն կա փաստերի եւ Ադրբեջանի հայտարարությունների միջեւ:

- Պարո՛ն Ղազարյան, միջանկյալ միջոց կիրառելիս ՄԻԵԴ-ը նշե՞լ էր, որ գանգատն առաջնահերթ  է քննելու:

- Այո, առաջնահերթություն տրված է, ինչպես Կարեն Ղազարյանի գործին, բայց Ղազարյանի գործով այդ առաջնահերթությունը սկսեց աշխատել երկրորդ տարում, երկու տարի անց միայն սկսվեց կոմունիկացիան, մինչ այդ մենք միայն փաստեր էինք հավաքում եւ ուղարկում: Հուսով ենք, որ Նարեկի դեպքում ավելի արագ կզբաղվի Եվրոպական դատարանը:

- Վերջին դեպքն էլ օրերս Գուրգեն Ալավերդյանի հետ տեղի ունեցավ:

-Այդ դեպքում կոնտեքստը մի փոքր այլ է այնքանով, որ զինծառայողի մասին է խոսքը, բայց իրավունքի բնույթը նույնն է. դու չես կարող խոցելի վիճակում գտնվող անձին տեսանկարահանել եւ դա տարածել՝ նպատակ ունենալով զինված հակամարտության մյուս կողմին ցույց տալ, թե ինչպես ես նվաստացնում նրա քաղաքացուն: Դա Ժնեւի կոնվենցիայի, ինչպես նաեւ մարդու իրավունքների խախտում է:



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (29.08.2020)
Դիտումներ: 1452 | Վարկանիշ: 0.0/0
Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բ...
Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բ...

Պոլիտեխնիկական և Գորիսի պետական համալսարանների միջ...
Պոլիտեխնիկական և Գորիսի պետական համալսարանների միջ...

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ...
Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ...

Ադրբեջանական «հավասար պայմանները». մեկնարկել է նախ...
Ադրբեջանական «հավասար պայմանները». մեկնարկել է նախ...

ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչ...
ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչ...

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 9 դպրոցականների ...
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 9 դպրոցականների ...

Կապան քաղաքի 40 առավել կարիքավոր ընտանիքներ ստացան...
Կապան քաղաքի 40 առավել կարիքավոր ընտանիքներ ստացան...

Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...
Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...

Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկից դեպի Գորայք ավտոճա...
Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկից դեպի Գորայք ավտոճա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62