Արցախահայության համար սա կյանքի ու մահվան հարց է. ՀՀ դեսպանի հոդվածը լատվիական պարբերականում

Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը «Արցախահայության համար սա կյանքի ու մահվան հարց է» վերտառությամբ խմբագրական հոդված է հրապարակել լատվիական խոշորագույն delfi.lv էլեկտրոնային պարբերականում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանության «Ֆեսյբուք»-ի էջը ներկայացրել է դեսպանի հոդվածն ամբողջությամբ:

Դեսպանը նախ հիշեցրել է Օսմանյան կայսրության ատաքին գործերի նախարար Հալիլ Բեյի 1918թ. մայիսին արած հայտարարությունը՝ ներկայացնելով Թուրքիայի ամբողջատիրական նկրտումները:

«Տեսնում եք՝ ճակատագիրը Թուրքիային ձգում է արևմուտքից դեպի արևելք: Մենք լքեցինք Բալկանները, հեռանում ենք նաև Աֆրիկայից, բայց պետք է ընդարձակվենք դեպի արևելք. այնտեղ է մեր արյունը, կյանքը և լեզուն: Սա ինքնաբուխ ձգողականություն է, մեր եղբայրները Բաքվում, Դաղստանում, Թուրքեստանում և Ադրբեջանում են: Մեզ ճանապարհ է պետք դեպի այդ տարածքներ, սակայն դուք՝ հայերդ, կանգնած եք մեր ճանապարհին»,- մեջ բերելով Հալիլ Բեյի խոսքը՝ դեսպանը նշել է, որ 1918 թ. այս հայտարարությունը հստակ բացատրում է, թե ինչու հայերը դաժանորեն ոչնչացվեցին իրենց պատմական հայրենիքում 1915 թ., ինչու դրանից առաջ ու հետո տեղի ունեցան մասշտաբներով ավելի փոքր ջարդեր, ինչու Թուրքիան հարձակվեց նորանկախ Հայաստանի վրա 1920 թվականին և բոլշևիկների հետ վերջ դրեց մեր՝ մեկ դար դադարից հետո ձեռք բերած անկախությանը:

«Այս տրամաբանությունը նաև բացատրում է, թե ինչու է Թուրքիայի ներկայիս ավտորիտար ղեկավարը Ադրբեջանի բռնապետի հետ իր ուժերի ներածին չափով գործում Հայաստանի դեմ: Թուրքիան Ղարաբաղյան հակամարտությունն օգտագործել և օգտագործում է՝ Հայաստանին հնարավորինս ճնշելու համար»,- գրել է դեսպանը:

Տիգրան Մկրտչյանն ընգծել է, որ արևմտյան լրատվական դաշտը հաճախ նետվում է անիմաստ քննարկումների մեջ, թե ով է հրահրել այժմ ընթացող պատերազմը, այնինչ, հարցի էութենական իմացությունը և պարզ տրամաբանությունը հարցերի տեղիք չի տալիս:

«Արցախի Հանրապետությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը չունեին որևէ դրդապատճառ, որևէ ռազմական կամ քաղաքական նպատակ, որը կարող էր նրանց մղել պատերազմական գործողություններ սկսելու մի երկրի դեմ, որի միայն ռազմական բյուջեն, ինչպես այդ երկրի առաջնորդներն են պնդում, Հայաստանի ամբողջ բյուջեի չափ է: Մեր տարածաշրջանով զբաղվող փորձագետները բավականաչափ լավ գիտեն այս պարզ ճշմարտությունը: Տարիներ շարունակ Ադրբեջանը հետևողականորեն խախտել է 1994-1995 թթ. կնքված հրադադարի ռեժիմի հաստատման վերաբերյալ եռակողմ, անժամկետ համաձայնագրերը: Ադրբեջանը նաև հետևողականորեն մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկները, որոնք նախատեսում են հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրում և հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկման ուժեղացում՝ այդպիսով պահպանելով ուժ գործադրելու և «մեղադրանքների խաղ» հրահրելու հնարավորությունը»,- նշել է նա:

ՀՀ դեսպանը հիշեցրել է, որ 2020 թ. հուլիսին Հայաստանի դեմ ագրեսիայից հետո կրկին խոսվում էր Ղարաբաղի հետ շփման գոտում և Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմների ներդրման մասին, ինչին կրկին Բաքվում ականջալուր չեղան:

«Փաստը, որ սեպտեմբերի 25-ին Ադրբեջանը մերժեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ շփման գծում դիտարկում անցկացնելու հայցը, դրա վկայությունն է: Այն հստակորեն ի ցույց է դնում Ադրբեջանի հիմնական նպատակը՝ կոծկել պատերազմ սանձազերծելու իր ծրագրերը: Արդարացնելով ագրեսիան՝ Ադրբեջանի ղեկավարն իր ժողովրդին ուղղված ուղերձում ընդգծել է. «Մենք կռվում ենք մեր հողի վրա: Այսօր Ադրբեջանի բանակը ջախջախիչ հարվածներ է հասցնում թշնամուն մեր հողում»: Այս արդարացումն ինձ հիշեցրեց մի հետաքրքիր դիպված, որը տեղի ունեցավ Մյունխենի Անվտանգության համաժողովում 2015 թ. փետրվարին: Այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահը հայերին մեղադրեց աշխարհի բոլոր հնարավոր մեղքերի մեջ, ես փորձեցի մի հարց տալ, որը ի վերջո կարողացա անել` վերջին պահին փախցնելով խոսափողն ու ուղիղ կանգնելով նրան դեմ դիմաց: Հարցս հիշեցնում էր այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանին կոչ էին արել պահպանել իր պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ես նաև նշեցի, որ «մեղադրանքների խաղերը» չեն նպաստում ամենակարևոր խնդրի լուծմանը. հակամարտության կարգավորումը սկսվում է այն ժամանակ, երբ զենքերը դադարում են կրակել: Ուստի ե դիմեցի նրան՝ ասելով. «Վե՛րջ տվեք կրակելուն»: Դա նյարդայնացրեց Ադրբեջանի ղեկավարին, և նա պատասխանեց ինձ՝ օգտագործելով ճիշտ նույն բառերը, որոնք ասաց մի քանի օր առաջ, այն է՝ Ադրբեջանի հողում ադրբեջանցի զինվորները կարող են կրակել որքան ցանկանան և ինչ ուղղությամբ ցանկանան»,- գրել է դեսպանը:

Տիգրան Մկրտչյանը նշել է, որ հենց այս ընկալումն է (այս դեպքում՝ թյուրընկալումը) ապահովում, որ Ադրբեջանը կորցնի Ղարաբաղը, որը բռնակցվել է իրեն 1921 թվականին Ստալինի ձեռքով:

«Հայերի սպանդն «ադրբեջանական հողում» (Սումգայիթում և Բաքվում) ոչ միայն հաստատեց, որ Ղարաբաղի հայությունը պետք է պաշտպանի ինքն իրեն ու ձեռնարկի արդարության վերականգնումը, այլև զրկեց Ադրբեջանին Ղարաբաղը վերահսկելու բարոյական իրավունքից: Նույնը կարելի է ասել 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին, որի առաջին լուսանկարները ցույց տվեցին Թալիշում դաժանորեն անդամահատված հայ ծերերին և գլխատված զինծառայողներին: Նույնը տեղի ունեցավ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին 2020 թվականի հուլիսյան հարձակման ժամանակ, երբ ադրբեջանցիները թիրախավորեցին քաղաքացիական ենթակառուցվածքները՝ ուղղակիորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքը: Նույնը վերաբերում է նաև այժմ ընթացող հարձակմանը, որի հետևանքով երեխաները ստիպված են թաքնվել Ստեփանակերտի նկուղներում՝ ճիշտ ինչպես 1991-1994 թվականներին»,- նշել է Մկրտչյանը:

Դեսպանն այս համատեքստում հիշեցրել է Ամերիկայի գաղութների ինքնորոշման իրավունքը տապալել փորձող բրիտանական կառավարությանը քննադատող քաղաքական մտածող Էդմունդ Բըրքի խոսքերը.

«Չի կառավարվում այն ազգը, որին անընդհատ պետք է նվաճել»,- գրել է դեսպանը՝ նշելով, որ միայն այն ժամանակ, երբ մեր մտքում պահենք նրա ասածը, մենք մոտ կլինենք Արցախում խաղաղության հաստատմանը և խնդրի՝ հազարամյակներ այդ տարածաշրջանում ապրած ժողովրդի շահերին համահունչ լուծմանը: Արտաքին խաղացողները կարող են ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական դերակատարություն: Թուրքական ռազմական ներկայությունն ու խրախուսումն այս պատերազմում ամենամտահոգիչ գործոնն է:

«Կրկին Արևմուտքում որոշ վերլուծաբաններ այս իրավիճակում թուրքական և ռուսական դերերը համահավասարեցնելու փորձեր են անում. սա լավագույն դեպքում արհեստական մարտավարություն է, վատագույն դեպքում՝ մոլորեցնող: Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, ամուր կապեր ունի Երևանի ու Բաքվի հետ և միջնորդի դերով է հանդես գալիս: Թուրքիան չունի դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ, փակ է պահում Հայաստանի հետ սահմանները և անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին բոլոր հնարավոր ձևերով: Ավելին, օգոստոսին Ադրբեջանի հետ համատեղ լայնամասշտաբ զորավարժություններից հետո Թուրքիան իր ռազմական տեխնիկայի և անձնակազմի մի մասը թողել է Ադրբեջանում: Այժմ թուրք ռազմական փորձագետները կռվում են կողք կողքի ադրբեջանցու հետ, որն օգտագործում է նույն թուրքական զենքերը՝ այդ թվում՝ անօդաչու սարքերը և ռազմական ինքնաթիռները: Հավաստի աղբյուրների համաձայն՝ Թուրքիան հավաքագրում և Ադրբեջան է տեղափոխում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների: Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան լիարժեք քաղաքական և քարոզչական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ ղեկավարության բարձրագույն մակարդակով»,- նշել է Մկրտչյանը:

Դեսպանը հավելել է, թե տեղում տիրող իրավիճակը հստակ ցույց է տալիս, որ Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ: Օսմանյան կայսրության արժանի ժառանգ Թուրքիան, որը մեկ դար առաջ ամեն ինչ արեց հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում բնաջնջելու համար և մինչ այժմ արդարացնում է այդ հանցագործությունը, այժմ բոլոր հնարավոր եղանակներով աջակցում է Ադրբեջանին ՝ փորձելով իրականացնել նույն ցեղասպանական գործողությունները Հարավային Կովկասում: Թուրք-ադրբեջանական այս ցեղասպան դաշինքը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի ժողովուրդների համար:

«Հենց դա է պատճառը, որ մեզ պետք են շատ ավելի նպատակային հայտարարություններ և գործողություններ: «Երկու կողմերին» կամ «բոլոր կողմերին» ուղղված՝ ռազմական գործողությունները դադարեցնելու կոչերը օգտակար չեն: Շատ հստակ տեսանելի ագրեսորների առկայության դեպքում նման կոչերը նվազեցնում են ագրեսորի պատասխանատվությունը և մեղադրյալի կարգավիճակում դնում տուժողին: Պատմության ընթացքում մենք բազմիցս ենք ականատես եղել այն արդյունքներին, որ ունենում են նման մոլորեցնող հավասարեցումները: Պատժամիջոցներ պետք է իրականացվեն պատերազմ հրահրողների դեմ: Պատերազմը պետք է անհապաղ կանգնեցվի, քանի որ ամեն ժամ երիտասարդներ են զոհվում: Արցախն ու Հայաստանը պաշտպանում են իրենց հայրենիքը: Ադրբեջանում օտարերկրյա վարձկաններն ու զինվորները պայքարում են հանուն Անկարայի և Բաքվի բռնապետների հիվանդագին նկրտումների: Ինչպես 1989 թ. նոյեմբերին ասել է մարդու իրավունքների մեծ պաշտպան Անդրեյ Սախարովը. «Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը փառասիրության հարց է, իսկ Ղարաբաղի հայերի համար՝ կյանքի ու մահվան»»,- եզրափակել է դեսպանը:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (30.09.2020)
Դիտումներ: 84 | Վարկանիշ: 0.0/0
ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 28-ՐԴ ՏԱ...
ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 28-ՐԴ ՏԱ...

ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ...
ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ...

Գորիսի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ն...
Գորիսի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ն...

Վրաստանում խուճապ է․ քաղաքացիները դատարկում են սու...
Վրաստանում խուճապ է․ քաղաքացիները դատարկում են սու...

ՀՀ-ն պատրաստ է դիմագրավելու կորոնավիրուսին. առկա է...
ՀՀ-ն պատրաստ է դիմագրավելու կորոնավիրուսին. առկա է...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի...
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի...

Ամերիկյան Friends սերիալի ևս մեկ սերիա կթողարկվի մ...
Ամերիկյան Friends սերիալի ևս մեկ սերիա կթողարկվի մ...

Մի քանի օր Խնձորեսկի սրբավայրերում
Մի քանի օր Խնձորեսկի սրբավայրերում

Դարբաս բնակավայրում տոնվեց Բուն Բարեկենդանը
Դարբաս բնակավայրում տոնվեց Բուն Բարեկենդանը

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62