Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատն ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձև

Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատն իր 81-րդ նստաշրջանում ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձև: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաձևի հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը ներկայացվում է ստորև:

«2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ, որը մի քանի ժամում տարբեր քաղաքներում հարյուրավոր մարդկանց՝ զինվորականների և քաղաքացիական անձանց, մահվան պատճառ է դարձել: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ծագել է 20-րդ դարասկզբին, երբ տարածաշրջանն ընկավ Խորհրդային Միության վերահսկողության ներքո: Իոսիֆ Ստալինը որոշեց հանձնել հազարավոր տարիներ պատմականորեն հայերով բնակեցված Ղարաբաղի կառավարումն Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը՝ որպես ինքնավար մարզ, 1923 թ.-ին: Մինչ այդ 1918-1920 թթ. օրենսդիր իշխանությունը Լեռնային Ղարաբաղում իրականացնում էին տեղի հայկական ժողովները: 1918. հուլիսի 22-26-ը գումարված առաջին ժողովը հռչակեց շրջանի ինքնակառավարումը և ստեղծեց Ազգային խորհուրդ և կառավարություն:

1919 թ. փետրվարի 20-ին Ազգային խորհրդի չորրորդ նստաշրջանում Դաշնակից կառավարություններին ուղղված բողոքի նոտայում մերժեց Ադրբեջանի կառավարության մտադրությունը՝ դիտարկել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի բաղկացուցիչ մաս և ընդգծեց Խաղաղության համաժողովի կողմից ճանաչված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նոտայի մեջ նշվում էր նաև, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի ճանաչել Ադրբեջանի կառավարության իրավասությունը Ղարաբաղի տարածքի սահմանների նկատմամբ: 1919 թ. փետրվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի հայերի չորրորդ համագումարն ընդունեց Անդրկովկասում Դաշնակից ուժերի հրամանատարությանն ուղղված հուշագիր՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցանկությունը դիտարկելու Ղարաբաղը Հայաստանի տարածքի անբաժանելի մաս Խաղաղության համաժողովում, որտեղ կորոշվի շրջանի վերջնական կարգավիճակը: 1919թ. օգոստոսի 26-ին Ղարաբաղի ազգային խորհուրդը և Ադրբեջանի կառավարությունը միջանկյալ համաձայնության եկան Լեռնային Ղարաբաղում՝ ռազմական բախումից խուսափելու համար: Երկու կողմերն էլ համաձայնվեցին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի Փարիզի Խաղաղության համաժողովում: Համաձայնագիրը չի փոխել Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ քաղաքական միավորի կարգավիճակը:

1988թ. Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Գերագույն խորհուրդը որոշում կայացրեց խնդրել Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Միության իշխանություններին փոխանցել Ադրբեջանի ինքնավար մարզի կառավարումը Հայաստանին՝ ամբողջությամբ համաձայն Սովետական սահմանադրության և օրենսդրության:

Լեռնային Ղարաբաղը Մոսկվայի կողմից ինքնավար է հռչակվել 1989թ. հունվարի 20-ին, երբ Գերագույն խորհուրդը ստեղծեց հատուկ իշխանություն Լեռնային Ղարաբաղում, որը գտնվում էր Խորհրդային Միության կենտրոնական կառավարության անմիջական հսկողության ներքո` այդպիսով արձանագրելով Ադրբեջանի անկարողությունը պաշտոնական վերահսկողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Լեռնային Ղարաբաղը, բոլորը, համաձայն Խորհրդային սահմանադրության, հայտարարեցին իրենց անկախությունը մինչ Խորհրդային Միության փլուզումը: Փաստացի, 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը, համաձայն խորհրդային ազգային օրենսդրության, սկսեց անկախության գործընթացը Լեռնային Ղարաբաղի տեղական խորհուրդների կողմից հռչակված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագրի» ընդունմամբ: Այս օրենքը լիովին համապատասխանում էր գործող օրենսդրությանը: 1990 թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ-ից Խորհրդային հանրապետության անջատման հետ կապված խնդիրների լուծման ընթացակարգերի մասին» խորհրդային օրենքը` մասնավորապես, դրա 1, 3, 4, 6, 7, 8, 12 և 19 հոդվածները, հաստատեց, որ ԽՍՀՄ-ից Խորհրդային հանրապետության անջատումը հնարավորություն է տալիս նույն հանրապետության տարածքում գտնվող ինքնավար մարզին առաջ տանել իր սեփական անկախության գործընթացը: Դա հանգեցրեց պատերազմի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև:

Լայնամասշտաբ պատերազմը տևեց մինչև 1994 թվականը, երբ Ադրբեջանը, Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ, եռակողմ զինադադար կնքեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ:

1994 թվականից մինչ օրս հակամարտության մեջ միջնորդություն իրականացնող մարմինը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբն է, որը համանախագահվում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից, և որի մեջ, այլ երկրների թվում, մտնում են նաև Հայաստանը և Ադրբեջանը: Այս շրջանակներում կնքվել է զինադադարը Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնատար անձանց մասնակցությամբ (Սոչիի համաձայնագիր, 1992թ., Բիշքեկի արձանագրություն, 1994):

Լեռնային Ղարաբաղի անմիջական ներգրավումը ԵԱՀԿ Մինսկի գործընթացին ամրագրված է ԵԱՀԿ մի քանի որոշումներում, մասնավորապես` 1994 թ. Բուդապեշտում անցկացված ԵԱՀԿ գագաթնաժողովի փաստաթղթում, ինչպես նաև ԵԱՀԿ 1995թ. մարտի 31-ի որոշման մեջ:

Հրադադարի ստորագրումից ի վեր, շփման գծում արձանագրվել են զինադադարի խախտումներ` երբեմն հանգելով իրավիճակի այնպիսի սրումների, ինչպիսիք են 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմը կամ ներկայիս` 2020-ի սեպտեմբերի հարձակումը: Հարկ է նշել, որ Հայաստանն ու Արցախը ձգտում են պահպանել ստատուս քվոն, մինչդեռ Ադրբեջանը փորձում է փոխել առկա իրավիճակը: Մինսկի խմբի ղեկավարած բանակցային գործընթացը հաստատել է ուժի կիրառումից և ուժի գործադրման սպառնալիքից զերծ մնալու, տարածքային ամբողջականության և բնակչության ազատ ինքնորոշման իրավունքի պաշտպանության սկզբունքները: Ինչպես ԵԱՀԿ-ն, այնպես էլ ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ը կոչ են արել դադարեցնել մարտերը:

Անհրաժեշտ է, որ այս կոչին միանան բոլոր երկրները, որոնք ունեն դիվանագիտական, հյուպատոսական կամ առևտրային հարաբերություններ հակամարտող երկրներից որևէ մեկի հետ, քանի որ առճակատումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ, հատկապես օտարերկրյա պետությունների, մասնավորապես, Թուրքիայի հնարավոր միջամտության պատճառով, որը 1915 թվականին իրականացրել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայ ժողովրդի դեմ:

Պատգամավորների պալատը որոշում է

  1. Հանրապետության մեծարգո/Նորին Գերազանցություն/ նախագահին խնդրել փոխանցել Ադրբեջանին, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին Չիլիի ցանկությունը, առ այն, որ հարձակումները անմիջապես դադարեցվեն, և շարունակվի հակամարտության խաղաղ, իրավական և պատմական լուծման որոնումը` ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների շրջանակներում` հետևելով միջազգային իրավունքին` ուժի կիրառման արգելքի իր սկզբունքների համաձայն, հարգելով պետությունների ինքնիշխանությունը, ժողովուրդները ինքնորոշումը և վեճերի խաղաղ կարգավորումը:
  2. Հանրապետության Նորին Գերազանցություն նախագահից պահանջել բոլոր միջազգային ատյաններում և ֆորումներում, որոնց նա մասնակցում է` լինեն դրանք գլոբալ, տարածաշրջանային կամ երկկողմ, հանդես գալ կոչով` հորդորելով բոլոր անդամ պետություններին կոչով դիմել հակամարտող կողմերին` խաղաղ լուծում գտնելու նպատակով:
  3. Մերժել հակամարտող կողմերից բացի ցանկացած այլ պետության` ռազմական գործողություններին աջակցելու և ռազմական օգնություն ցուցաբերելուն ուղղված կոչերը»,- ասված է բանաձևում:


Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (02.10.2020)
Դիտումներ: 166 | Վարկանիշ: 0.0/0
Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել
Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել

Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր...
Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր...

Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավը հասավ Ս...
Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավը հասավ Ս...

Կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է ժա...
Կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է ժա...

Սիսիան համայնքի 2019թ. բյուջեի եկամուտների և ծախսե...
Սիսիան համայնքի 2019թ. բյուջեի եկամուտների և ծախսե...

Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված...
Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված...

Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստան...
Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստան...

Փետրվարի 27-ին տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանո...
Փետրվարի 27-ին տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանո...

2020 թ-ի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոու...
2020 թ-ի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոու...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62