ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևը հայտարարել է, թե Փաշինյանի հետ իր հանդիպումներն անիմաստ էին և ձևական

Ադրբեջանի նախագահը «Ալ Ջազիրայի» հետ հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի վարչապետի հետ իր հանդիպումները անիմաստ էին և ձևական բնույթ էին կրում։ Ընդ որում, Ալիևը պնդել է, թե բանակցությունները դադարել են, երբ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, թե Արցախը Հայաստան է և վերջ:

«Դրանից հետո ես ասացի` իմաստ չունի շարունակել», - ասել է Ադրբեջանի առաջնորդը:

Իրականում, սակայն, Փաշինյանի այդ հայտարարությունից հետո Ալիևն առնվազն երկու անգամ դեմ առ դեմ հանդիպում է ունեցել նրա հետ, մեկը` Թուրքմենստանի մայրաքաղաքում, մյուսը` Մյունխենում: Այս հակասությունը բացատրելու համար Ալիևը պնդել է` Մինսկի խմբի համանախագահներն են իրեն խնդրել ըմբռնումով մոտենալ, ինքն էլ համաձայնել է: Եվ սա այն դեպքում, երբ հայկական կողմը, իր իսկ խոսքով, որևէ զիջման չի գնացել:

«Այդ հանդիպումներն անիմաստ էին և ձևական: Փաշինյանն ինձ ասում էր, որ նրանք տարածքները չեն վերադարձնելու և չեն ուզում խոսել այդ մասին», - պատմել է Ադրբեջանի նախագահը։

Հարցազրուցում, ինչպես և վերջին տարիների բազմաթիվ ելույթներում Ալիևը պնդել է, թե Մինսկի խումբը ավելի քան քսան տարի է` որևէ արդյունքի չի հասել, դժգոհել, թե միջնորդները բավարար ճնշում չեն գործադրել հայկական կողմի վրա խնդրի կարգավորման համար: Միջնորդներին ու միջազգային հանրությանն ուղղված քննադատություններից րոպեներ անց Ալիևը միաժամանակ պնդել է` Հայաստանի նախորդ իշխանությունների օրոք իրենց հաջողվել էր «մեծ առաջընթացի հասնել»:

«Հայաստանի նախկին առաջնորդների հետ մենք մշակել էինք, այսպես կոչված, քայլ առ քայլ առաջ գնալու մոտեցումը: Ես այս գործընթացին մասնակցում եմ 2003 թվականից և կարծում եմ` մենք մեծ առաջընթացի էինք հասել», - ասել է Ալիևը և հավելյալ մանրամասներ բացահայտել. - «Մինչև Հայաստանի այս կառավարությունը կգար իշխանության, բանակցային գործընթացի առաջին կետերից մեկն էր` հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»:

Արդյոք դուք պատրաստվում եք արհամարհել գերտերությունների` հրադադարի հորդորը, հարց է տվել «Ալ Ջազիրայի» թղթակիցը` փաստելով, որ օրեր առաջ նման կոչ են հնչեցրել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Ֆրանսիայի առաջնորդները:

«Ոչ, մենք չենք արհամարհում, բայց հրադադարը չի կարող միակողմանի հաստատվել: Ես փորձում եմ այս միտքը փոխանցել այն առաջնորդներին, որոնք զանգահարել են ինձ այս օրերին. Ադրբեջանը չի սկսել, Ադրբեջանը պետք է ինքն իրեն պաշտպանի, և եթե մենք այս կերպ չարձագանքեինք, մեր քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհեր կլինեին», - ասել է Ալիևը, այդպես էլ հստակ չպատասխանելով հարցին` Հայաստանի ինչի՞ն էր պետք հարձակում սկսել Ադրբեջանի դեմ:

Պնդելով, թե Բաքուն չի անտեսում նախագահներ Թրամփի, Պուտինի և Մակրոնի հորդորը` անհապաղ և առանց նախապայմանների հրադադար հաստատելու մասին, Ալիևը տեղում պայման է դրել. - «Կրակը կդադարեցվի, երբ Հայաստանը դուրս բերի զորքերը տարածքներից»:

Ադրբեջանի առաջնորդը նաև անհիմն է որակել վերջին օրերին Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Եվրամիությունից ու այլ երկրներից ամենաբարձր մակարդակով հնչող պնդումները` Թուրքիայի ներգրավվածության, ինչպես նաև Սիրիայի հյուսիսից Ադրբեջան բերված վարձկանների մասին:

«Դա սուտ տեղեկութուն է, որը որևէ հիմք չունի: Հայկական կողմը նաև կեղծ տեղեկություն է տարածում թուրքական F-16 կործանիչների մասնակցության մասին: Որտե՞ղ են ապացույցները, թո՛ղ հրապարակեն: Եվ ես զարմանում եմ` ինչո՞ւ Մինսկի խմբի համանախագահներն այս մասին չեն խոսում», - տարակուսել է Իլհամ Ալիևը:

Մինսկի խմբի համանախագահները, փաստացի, խոսել են այս մասին, ավելին, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, թե Փարիզը ստույգ, հետախուզական տվյալներ ունի Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխված սիրիացի զինյալների մասին: Արևմտյան մի շարք հեղինակավոր պարբերականներ ևս գրել են այս մասին: Ալիևը, մինչդեռ, պնդել է` Մակրոնը օդում հայտարարություններ է անում.

«Հայաստանն է, որ վարձկաններ է տեղափոխում Մերձավոր Արևելքից», - ասել է նա: Ապացույց ունե՞ք, հարցին էլ պատասխանել է, թե ինտերնետում մի տեսանյութ է տեսել, որտեղ, իր խոսքով, Մերձավոր Արևելքից եկած զինյալները հայ զինվորների հետ Հայաստանի դրոշի տակ քննարկում են անցկացնում: «Այդ տեսանյութում ձայն չկար»,- փաստել է Ալիևը, այդպես էլ չհստակեցնելով` ինչից է ենթադրել, որ զինյալները եկել են Մերձավոր Արևելքից, որ զինվորները հայկական բանակից են և քննարկում են զինվորական առաջադրանքներ:

Տասնամյակներ շարունակ գերտերությունները, ինչպես նաև միջազգային կառույցները պնդում են, որ խնդրի կարգավորմամբ զբավող միակ հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և որ միջնորդական այս ձևաչափը փոխելու փորձերը կարող են էլ ավելի բարդացնել իրավիճակը: Ալիևը չի թաքցրել, որ կցանկանար, իր խոսքով, ամբողջովին փոխել այդ խմբի կազմը: «Եթե այսօր ձևավորելու լինեինք որևէ միջնորդական խումբ, որը կարող էր նպաստել խաղաղությանը, անշուշտ, դրա կազմը լիովին այլ կլիներ: Ես հիմա չեմ ուզում մանրամասնել, բայց որոշ երկրներ այդտեղ չէին լինի իրենց կողմնակալ դիրքորոշման համար», - ասել է նա` ստիպելով լրագրողին եզրակացնել` ուզում եք ասել` Ադրբեջանը չի՞ ստանում միջազգային այն աջակցությունը, որին արժանի է ձեր համոզմամբ:

Հարցազրույցում Ալիևը նաև պնդել է, թե Հայաստանում բռնապետական բարքեր են տիրում, որ թավշյա հեղափոխությունից հետո տրված խոստումները իրականություն չեն դարձել, ընդդիմության առաջնորդն էլ ձերբակալվել է` անտեսելով միջազգային կառույցների ու անկախ փորձագետների քննադատությունները, թե իր վարչակազմը ընդդիմության առաջնորդներից գոնե մեկին չի թողել ազատության մեջ, երկիրն էլ համարվում է Եվրոպայի ամենամեծ բանտերից մեկը` անկախ լրագրողների համար:



Աղբյուրը՝ https://www.azatutyun.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (04.10.2020)
Դիտումներ: 274 | Վարկանիշ: 0.0/0
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կմնա կալա...
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կմնա կալա...

1991-ի «ԱՅՈ»-ի լոգոյի հեղինակը Ստյոպա Նարոյանն է
1991-ի «ԱՅՈ»-ի լոգոյի հեղինակը Ստյոպա Նարոյանն է

Քաղաքացիների ընդունելություն Քաջարանի համայնքապետա...
Քաղաքացիների ընդունելություն Քաջարանի համայնքապետա...

Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոն...
Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոն...

Հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվա...
Հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվա...

Իրանում կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել....
Իրանում կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել....

Մենք մահվանը զինվոր տալու չունենք. Ալեն Սիմոնյանը ...
Մենք մահվանը զինվոր տալու չունենք. Ալեն Սիմոնյանը ...

Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունն, այլ...
Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունն, այլ...

Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի ...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62