«Այլևս Ադրբեջանը չէ, որ որոշումներ է կայացնում սեփական ճակատագրի վերաբերյալ, Թուրքիան է կայացնում այդ որոշումները». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «Spiegel» շաբաթաթերթին, որը տեղադրվել է նաև շաբաթաթերթի կայքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը:

Ներկայացնում ենք այն ստորև.

-Պարոն վարչապետ, Դուք նոր եք վերադարձել Լեռնային Ղարաբաղից: Ինչպիսի՞ն է այնտեղ իրավիճակը: Ի՞նչ տեսաք Դուք Ստեփանակերտում:

– Ես տեսա հրթիռակոծվող քաղաք և հրթիռների հարվածի թիրախ դարձող բազմաբնակարան շենքեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ: Եվ կարծում եմ, որ ադրբեջանցիները հարված հասցնելիս գիտեն, որ իրենք հարվածում են բնակելի տների, քաղաքացիական ենթակառուցվածքների, դպրոցների, մանկապարտեզների: Բայց դա չի կանգնեցնում նրանց: Եվ զարմանալի չէ: Որովհետև հիմա արդեն միջազգայնորեն արձանագրված փաստ է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված այս պատերազմին՝ որպես Ադրբեջանի զինուժի դաշնակից, մասնակցում են միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ: Եվ այդ միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներին Թուրքիան է տեղափոխում Ադրբեջան: Այս պատկերն ամբողջանում է դրանով:

– Անձամբ Ձեզ համար ինչպե՞ս սկսվեց այս պատերազմը: Հարձակումն սկսվեց կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 08:00-ին:

– Ինձ Արցախի Հանրապետության նախագահը զանգեց և ասաց, որ հարձակում է տեղի ունեցել: Դրանից հետո տեղեկատվությունը ճշգրտելու համար ես զանգեցի մեր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին: Եվ նա տեղեկությունները հաստատեց: Դրանից հետո մենք Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեցինք և երկրում ռազմական դրություն ու զորահավաք հայտարարեցինք: Որովհետև մենք գնահատում էինք, և հետագան ցույց տվեց՝ ոչ առանց հիմքի, որ կա նաև Հայաստանի Հանրապետության վրա հարձակման անմիջական վտանգ: Եվ մենք տեսանք, որ հետագա օրերին Հայաստանի բնակավայրեր ռմբակոծվեցին, և քաղաքացիական բնակչության շրջանում եղան տուժածներ: Նաև ընդհուպ Երևանի և հարակից քաղաքների վրա երևացին թշնամական անօդաչու թռչող սարքեր:

– Ղարաբաղում և  հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար մարտեր և փոխհրաձգություններ են եղել՝ 2016 թվականին, 2018 թվականին, 2020 թվականի հուլիսին: Սակայն այս անգամ բախումներն այնպիսի ինտենսիվություն ունեն, ինչպիսին տասնամյակներ ի վեր չի եղել: Ինչո՞ւ:

– Այո, Դուք իրավացի եք: Մեր ռազմական փորձագետներն ասում են, որ այսպիսի լայնածավալ պատերազմ՝ այսքան զինուժի, տեխնիկայի, զինատեսակների կիրառմամբ, թերևս 21-րդ դարում ընդհանրապես ոչ մի տեղ չի եղել կամ էլ եղել է, համենայնդեպս, ոչ հաճախ: Եվ դա ունի մեկ բացատրություն՝ Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմում:

– Կխնդրեի պարզաբանեք:

– 100 տարի անց Թուրքիան Հարավային Կովկաս է վերադառնում՝ շարունակելու հայերի ցեղասպանության քաղաքականությունը: Դուք գիտեք, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության օրոք տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որին զոհ գնաց 1,5 մլն հայ: Բայց այդ ցեղասպան քաղաքականության նպատակը միայն էմոցիաները չեն կամ ատելությունը հայերի նկատմամբ: Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ էքսպանսիոնիստական և կայսերական քաղաքականություն վարելու: Այս քաղաքականությունը մենք պետք է դիտարկենք այն ընդհանուր քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրածովյան տարածաշրջանում: Եվ այս քաղաքականության մեջ ընդգրկվում են ահաբեկիչները և վարձկանները: Միջազգային հանրությունը և հատկապես Եվրոպան պետք է շատ լուրջ գնահատական տա այս փաստին: Եթե Եվրոպան դա չանի,  անհրաժեշտ է Թուրքիային այսպիսի էքսպանսիոնիստական քաղաքականությամբ սպասել Վիեննայի մոտակայքում:

– Դուք փաստացի պնդում եք, որ Թուրքիային չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը, այլ Թուրքիան ցանկանում է միջանցք ստեղծել հայկական տարածքի միջոցով:

- Այո: Եվ մենք տեսնում ենք Թուրքիայի կողմից Ադրբեջան պետությունը կլանելու խնդրի լուծում: Այլևս Ադրբեջանը չէ, որ որոշումներ է կայացնում սեփական ճակատագրի վերաբերյալ, Թուրքիան է կայացնում այդ որոշումները:

- Ադրբեջանական բանակն առաջ է շարժվում հիմնականում հարավում՝ Իրանի հետ սահմանին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրեթե ամեն օր հայտարարում է բնակավայրեր վերցնելու մասին: Ինչո՞ւ ուղղակի այդ գյուղերը չեք թողնում նրանց: Այդ տարածքն անմարդաբնակ է, կոպիտ ասած՝ չի պատկանում Լեռնային Ղարաբաղին, այլ անվտանգության գոտում է, որը տարիներ առաջ ձևավորել են հայերը վիճելի տարածքի շուրջ:

- Ես կարծում եմ, որ Ադրբեջանի համար վաղ է այդպիսի հայտարարություններ անել: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակն իրականացնում է հակաահաբեկչական գործողություններ, և այդ գործողությունների արդյունքում է, որ մենք պիտի տեսնենք, թե ինչ է կատարվում տեղում: Անվտանգության գոտին քմահաճույքի համար չի ձևավորվել: Խոսքը գնում էր Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պաշտպանելու, պոտենցիալ ռմբահարողներին քաղաքներից ու գյուղերից հեռու պահելու մասին: Այսօրվա գործողությունները ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ գոյութենական սպառնալիքի ներքո Ադրբեջանի կողմից:

– Դիմե՞լ եք Ռուսաստանին ռազմական օգնության համար:

- Հայաստանը և Ռուսաստանը անվտանգության ոլորտում դաշնակիցներ են և ունեն որոշակի պայմանագրային փոխհարաբերություններ: Եվ ես համոզված եմ, որ համապատասխան իրավիճակներ ձևավորվելու դեպքում Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ կկատարի:

– Ի՞նչ է դա նշանակում՝ երբ Հայաստանի տարածքի վրա հարձակո՞ւմ կլինի:

- Դա գնահատման որոշակի խնդիր ունի՝ սպառնալիքի չափը, ծավալները և պոտենցիալը: Մենք ունենք պայմանագրային մեխանիզմներ: Գիտեք, որ 102-րդ ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանում: Ռուս սահմանապահները պահում են Թուրքիայի և Իրանի հետ սահմանը:

– Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ Վլադիմիր Պուտինն անգամ չի զանգահարել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին:

- Ես չեմ կարող, իհարկե, դա մեկնաբանել, բայց այնպես չէ, որ ուղղակի ինքնանպատակ զանգեր են տեղի ունենում: Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը պաշտոնապես արձանագրեց, որ ընդդեմ Ղարաբաղի և ընդդեմ Հայաստանի կռվում են միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Եվ Ռուսաստանն ամենևին էլ առաջին երկիրը չէ, ով խոսում կամ առնվազն ակնարկում է դրա մասին: Դրա մասին խոսել են Ֆրանսիան, խոսել է Իրանը: Որոշակի առումով սա քաղաքակրթական պատերազմ է, և Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն այս պատերազմում փաստորեն գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Մենք պայքարում ենք Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության և միջազգային ահաբեկչության դեմ:

- Դուք փոխզիջման հնարավորություն տեսնո՞ւմ եք, օրինակ, անվտանգության գոտու տարածքների մի մասի վերադարձ:

- Վերադարձնողը ես չեմ, վերադարձնողը Լեռնային Ղարաբաղի կառավարությունն է: Իսկ այդ պարագայում ո՞վ կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը:



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (08.10.2020)
Դիտումներ: 127 | Վարկանիշ: 0.0/0
Առողջապահության նախարարությունն աշխատում է մեծ խմբ...
Առողջապահության նախարարությունն աշխատում է մեծ խմբ...

Տաթևի համայնքպետարանը հորդորում է անվտանգության նկ...
Տաթևի համայնքպետարանը հորդորում է անվտանգության նկ...

Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկու...
Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկու...

Կառավարությունն առաջարկում է պաշտոնատար անձի հետ խ...
Կառավարությունն առաջարկում է պաշտոնատար անձի հետ խ...

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել ...
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել ...

Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 16 զոհի անուն․ հայկակա...
Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 16 զոհի անուն․ հայկակա...

Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր...
Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր...

«Ժամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձն...
«Ժամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձն...

Կանադայի Խորհրդարանում հնչել է Բաքվի հայկական ջարդ...
Կանադայի Խորհրդարանում հնչել է Բաքվի հայկական ջարդ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62