Պատշաճ արձագանքը միջազգային հանրության կողմից ԼՂ-ի անկախության ճանաչումն է. Փաշինյանը՝ Tv5Monde-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն իրավիճակում, երբ Ղարաբաղը կանգնած է հումանիտար ճգնաժամի և ցեղասպանության վտանգի առաջ, կոչն է անում, որ նախ եվրոպական հանրությունը, միջազգային հանրությունը դատապարտեն ադրբեջանաթուրքաահաբեկչական  հարձակումը, ինչպես նաև իրենց մեջ ուժ գտնեն, վճռական քայլ անեն ու ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ֆրանսիական Tv5Monde հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցը ստորև։

Tv5Monde - Արդեն 12 օր է, ինչ շարունակվում են բախումներն Ադրբեջանի զինված ուժերի և Հայաստանի կողմից սատարվող Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միջև: Հատուկ հարցազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Բարի երեկո պարոն վարչապետ, շնորհակալություն Հայաստանի մայրաքաղաք Երևանից ուղիղ եթերում մեզ հարցազրույց տալու համար:  Առաջին հարցս. բոլորն ուզում են իմանալ 12 օր մարտերից հետո արդյոք այս երեկո Ղարաբաղում հրադադարի կոչ եք արել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, այս երկու օրերի իրադարձություններից հետո իրականում միջազգային հանրությանը և եվրոպական հանրությանը կոչն այլ բանի մասին է: Ես կարծում եմ, որ տեղի է ունեցել հետևյալը՝ Ադրբեջանը սկսել  է հարձակում, լայնածավալ պատերազմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և այս պատերազմը սկսել է Թուրքիայի քաջալերմամբ և անմիջական մասնակցությամբ: Թուրքիան նաև Սիրիայից վարձկաններ և ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան, որպեսզի նրանք Ադրբեջանի կողմից պատերազմեն Ղարաբաղի դեմ: Եվ հիմա այս պահին Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, ցեղասպանության վտանգի առաջ և առերեսվում է ահաբեկչական հարձակման հետ: Այսօր խաղաղ քաղաքները, քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը հրթիռակոծվում են ըստ էության շուրջօրյա: Եվ այս իրավիճակում, երբ Ղարաբաղը կանգնած է հումանիտար ճգնաժամի և ցեղասպանության վտանգի առաջ, իմ կոչն այն է, որ նախ եվրոպական հանրությունը, միջազգային հանրությունը դատապարտի ադրբեջանաթուրքաահաբեկչական  հարձակումը:

Tv5Monde  - Շատ սպասված բառ, ցեղասպանություն: Ցեղասպանությունը մարդկանց մեթոդաբար ոչնչացումն է: Արդյոք Դուք ունեք ապացույցներ, որ նմա բան է պլանավորվում, որովհետև Թուրքիային եք մեղադրում դրանում:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, այն ինչ տեղի է ունենում հիմա Ղարաբաղում հենց դրա վկայությունն է, որովհետև ի՞նչ է նշանակում, իսկ ինչի՞ համար են եկել ահաբեկիչները Ղարաբաղ, իսկ ինչի՞ համար են շուրջօրյա հրթիռակոծվում խաղաղ բնակավայրերը: Եվ ես ասում եմ, որ հարյուր տարի անց Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս շարունակելու հայ ժողովրդի ցեղասպանության քաղաքականությունը: Ընդ որում, ինձ համար ակնհայտ է, որ դա ունի կոնկրետ աշխարհաքաղաքական պատճառ, որովհետև Հարավային Կովկասի հայերը Թուրքիայի ճանապարհի վերջին խոչընդոտն են շարունակելու էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք:

Եվ սա պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում Հունաստանի նկատմամբ, Կիպրոսի նկատմամբ, այն քաղաքականության, որ վարում է Լիբիայում, Սիրիայում, Իրաքում և սա թուրքական կայսրությունը վերականգնելու քաղաքականություն է: Եվ ըստ էության ես համոզված եմ, որ հենց այս հարցն է լուծվում Հարավային Կովկասում: Եվ բոլոր եվրոպական լրատվամիջոցներին հարցազրույց տալիս ասում եմ, որ եթե Եվրոպան, միջազգային հանրությունն այս իրավիճակին չվերաբերվի անհրաժեշտ լրջությամբ, հարկ է ոչ հեռավոր ապագայում Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում: Եվ ավարտելով առաջին հարցին ի պատասխան իմ զարգացրած միտքը՝ ուզում եմ ասել, որ այս իրավիճակում պատշաճ արձագանքը կլինի այն,  որ եվրոպական երկրները, միջազգային հանրությունը և կոնկրետ երկրները իրենց մեջ ուժ գտնեն և վճռական քայլ անեն ու ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Tv5Monde  - Պարոն Փաշինյան վերջին  օրերին Դուք հետուստատեսությամբ երևում էիք զինվորական համազգեստով: Արդյոք դուք ներկա պահին գերագույն հրամանատար եք դարձել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Գիտեք Հայաստանում ռազմական դրություն է հայտարարված և ռազմական դրության ժամանակ երկրի վարչապետն ունի որոշակի պարտականություններ: Եվ երբ ձեր նշած հագուստով էի եղել, ես այցելել էի Լեռնային Ղարաբաղ՝  ռազմական գործողությունների գոտի և անտրամաբանական կլիներ ռազմական գործողությունների գոտի մեկնել կոստյում-փողկապով: Ասեմ, որ դա զինվորական հագուստ չէ, դա քաղաքացիական դաշտային հագուստ է: 

Tv5Monde - Դուք խոսեցիք Թուրքիայի մասին պարոն վարչապետ: Տարածաշրջանում մեկ նայլ մեծ դերակատար էլ կա, խսոքը Ռուսաստանի մասին է, ով առանձնահատուկ հարաբերություններ ունի Հայաստանի, բայց նաև Ադրբեջանի հետ: Նրանց համար Վլադիմիր Պուտինը դժվար հասանելի է, բայց Ձեզ հետ կապի մեջ է: Ի՞նչ եք Դուք խնդրել Ռուսաստանի նախագահից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ և Ռուսաստանն այստեղ մի քանի դերակատարում ունի: Նախ առաջինը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող երկիր է, և երկրորդը՝ Ռուսաստանն ունի որոշակի անվտանգային պարտավորություններ: Հայաստանը և Ռուսաստանն ունեն անվտանգային ոլորոտում ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Այս առումով, Ռուսաստանն անվտանգային որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ և երեկ էլ Ռուսաստանի Դաշնության նախագահը հրապարակային հայտարարեց, որ Ռուսաստանն ըստ անհրաժեշտության իր անվտանգային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ կկատարի:

Tv5Monde  – Ադրբեջանն ու իր դաշնակից Թուրքիան, պարոն վարչապետ, հղում անելով միջազգային իրավունքին՝ նշում են ՄԱԿ-ի բանաձևերը: Այդ երկու երկրները խոսում են ձեր կողմից Լեռնային Ղարաբաղն օկուպացնելու մասին: Ի՞նչպես  կպատասխանեք: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կրկին մենք հանգում ենք մի իրավիճակի, երբ շատերը խոսում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մինչև 1993 թվականին ընդունված բանաձևերի մասին, բայց ոչ բոլորն են, որ ուշադիր կարդացել են, թե ինչ է գրված այդ բանաձևերում: Այդ բանաձևերում գրված է, որ Ադրբեջանը խախտելով զինադադարի միջազգային պայմանավորվածությունը, դրա արդյունքում ունեցել է տարածքային կորուստներ, որովհետև Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը ստիպված են եղել պաշտպանվել, այսինքն, արձագանքել հրադադարի այդ խախտմանը: Շատերն ասում են, մեջբերում են Հայաստանին այդ համատեքստում, բայց Հայաստանի ներգրավվածության մասին անվտանգության խորհրդի բանաձևերում որևէ բան գրված չէ: Ես էլի ուզում եմ ընդգծել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերն ընդունվել են 1993 թվականին, շատ կոնկրետ օպերատիվ իրավիճակում և վերաբերվել են հենց այդ կոնկրետ օպերատիվ իրավիճակին: Իսկ դրանից հետո տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային ֆորմատի հիմնադրում և ԵԱՀԿ Մինսկի համանախագահության մասին է խոսքը, որը որոշակի բանաձև է առաջարկել, աշխատանք է իրականացրել հարցի կարգավորմանը հասնելու համար:

Tv5Monde  – Պարոն վարչապետ, այսօր Ժնևում սկսվել են քննարկումներ ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի շրջանակում, որտեղ ներգրավված է նաև Ֆրանսիան: Պետք է նշեմ նաև, որ Հայաստանն էլ իր հերթին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է: Եվ Ֆրանկոֆոնիայի վերջին գագաթնաժողովն էլ տեղի է ունեցել Ձեզ մոտ՝ Երևանում, Հայաստանում: Ի՞նչ սպասելիքներ ունեք Դուք նախագահ Մակրոնից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես նախ ուզում եմ ընդգծել՝ հայ ժողովրդի և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի գոհունակությունը Ֆրանսիայի նախագահի անկեղծ և շիտակ, ճշմարտության վրա հիմնված դիրքորոշումների առիթով: Կարող եմ ուղիղ ասել՝ ակնկալում եմ, որ Ֆրանսիայի նախագահը և Ֆրանսիան ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև այն մտահոգությունները, որ Էմանուել Մակրոնը բարձրացրել է, այսօրվա իրավիճակում այդ մտահոգությունները լուծելու այլ տարբերակ ուղղակի չկա, որովհետև սա կարող է վերածվել մի մեծ հումանիտար աղետի: Բայց, որը նաև իր ահաբեկչական ճառագայթները և իր ահաբեկչական ալիքները կարող է տարածել մեր տարածաշրջանում ավելի լայն իմաստով: Եվ իհարկե, սա ուղիղ սպառնալիք է գլոբալ անվտանգությանը՝ հաշվի առնելով Թուրքիայի գործոնը և քաղաքականությունը: Իմ ակնկալիքն իրոք այն է, որ Ֆրանսիան ուղղակի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Tv5Monde – Շնորհակալություն հարցազրույցի համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (08.10.2020)
Դիտումներ: 346 | Վարկանիշ: 0.0/0
Վերջին շրջանում հաջողվել է Վրաստանի հետ համագործակ...
Վերջին շրջանում հաջողվել է Վրաստանի հետ համագործակ...

Իտալիայում կորոնավիրուսի կտրուկ աճով պայմանավորված...
Իտալիայում կորոնավիրուսի կտրուկ աճով պայմանավորված...

Չինաստանում կորոնավիրուսից բուժվել է վարակվածների ...
Չինաստանում կորոնավիրուսից բուժվել է վարակվածների ...

Ղազախստանում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրութ...
Ղազախստանում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրութ...

#ՄնաՏանը. «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերե...
#ՄնաՏանը. «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերե...

Թավշյա հեղափոխության մասին պատմող «Ես մենակ չեմ» ֆ...
Թավշյա հեղափոխության մասին պատմող «Ես մենակ չեմ» ֆ...

Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...
Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...

Իտալիայի ամբողջ տարածքում կարանտին է հայտարարված. ...
Իտալիայի ամբողջ տարածքում կարանտին է հայտարարված. ...

Աննա Հակոբյանն Արգենտինայի առաջին տիկնոջը հրավիրել...
Աննա Հակոբյանն Արգենտինայի առաջին տիկնոջը հրավիրել...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62