Շուշին խաղաղ օրերին նման է դրախտի. գերմանական մամուլի անդրադարձերն Արցախի դեմ Բաքվի ագրեսիային

Գերմանական մամուլը լայնորեն անդրադառնում է Լեռնային հակամարտության գոտում ստեղծված իրադրությանը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ NRZ-ն «Բախումներ Լեռնային Ղարաբաղում. տասնյակ հազարավոր փախստականներ» հրապարակման մեջ նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ծանր բախումներից հետո մայրաքաղաք Ստեփանակերտը նման է քաղաք-ուրվականի: «Կառույցների տվյալներով՝ բնակչության շուրջ կեսը փախուստի է դիմել: Տուժել է մինչև 75.000 մարդ»,- նշել է լրատվամիջոցը՝ հավելելով, որ «Հայաստանն ու Ադրբեջանը ծանր բախումների մեջ են: Հարավային Կովկասի այս շրջանում հիմնականում հայեր են ապրում: Միջազգային իրավունքի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»:

Tagesschau-ն «Բախումները մարդկանց փախուստի են մատնում» հրապարակման մեջ ևս անդրադարձել է փախստականների խնդրին. «Փախչող քաղաքացիական բնակչություն, մայրաքաղաքը կրակի տակ. Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը լարված է: Ինչպես նշում է ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ բնակչության շուրջ կեսը լքել են իրենց տները՝ գրեթե 90 տոկոսը՝ կանայք և երեխաներ»:

Tagesschau-ն հայտնել է, որ գիշերվա ընթացքում կրկին հուժկու հարձակումներ են եղել մայրաքաղաքի վրա: Լսելի էին խոշոր պայթյուններ: Միայն հստակ չէր, թե արդյոք հրթիռների, հրանոթների թե օդուժի հարձակումներ էին դրանք: Ըստ պարբերականի՝ բնակիչներից մեկը նշել է, որ շաբաթվա վերջին շարունակվում են Ստեփանակերտի վրա հարձակումները, երբ ադրբեջանական զորքերը թիրախավորեցին շուրջ 50.000-անոց քաղաքը: «Այդուհանդերձ, տեղեկությունները դժվար է ստուգել, քանի որ հակամարտության գոտում անկախ դիտորդներ չկան»,- հավելել է լրատվամիջոցը և հավելել. «Ռուսաստանի նախագահը մտահոգություն է հայտնում. «Դա դժբախտություն է»: Հայաստանը Ռուսաստանի հետ հույսեր է կապում՝ ընդդեմ Ադրբեջանի: Երկու կողմից մարդիկ են զոհվում: Պուտինի խոսքով՝ շատ ռուս քաղաքացիներ սերտ, ընկերական և բարեկամական կապեր ունեն երկու հանրապետությունների հետ»:

Zeit-ը «Հայաստանը լուրջ մեղադրանքներ է ներկայացնում Թուրքիայի դեմ» նյութում ընդգծել է, որ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը Թուրքիային է պատասխանատու համարում հարավկովկասյան Լեռնային Ղարաբաղի շրջանում հակամարտության սրման համար. «Առանց Թուրքիայի ակտիվ ներգրավման այսքան հեռուն չէր գնա իրավիճակը: Ադրբեջանը սկսեց պատերազմը, քանի որ ուներ Թուրքիայի լիակատար աջակցությունը»: Վարչապետը, ըստ պարբերականի, նշում է, որ եթե հակամարտությունը շարունակի սրվել, ապա Ռուսաստանը Հայաստանի օգտին կմիջամտի:

Տեղեկացնելով հումանիտար իրավիճակի մասին, թերթը գրել է, որ տևական բախումների արդյունքում ավելի ու ավելի շատ մարդիկ են լքում իրենց տները: Բախումների սկզբից մինչ օրս ոչ ամբողջական զեկույցներ կան միայն մահերի վերաբերյալ: Պաշտոնական Բաքուն իր զինվորների շրջանակում մահվան որևէ դեպքի մասին չի հռչակել:

DW-ն իր հոկտեմբերի 7-ի հրապարակումը վերնագրել է  «Կովկաս. ով ինչ է ուզում Լեռնային Ղարաբաղում» և հաղորդել, որ արդեն շուրջ մեկ շաբաթ է, շարունակվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումները: Սակայն հակամարտության մեջ իրենց շահերն ունեն շատ պետություններ:

«Ինչպես նշում է Կանաչների կուսակցության Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Թբիլիսիի բյուրոյի ղեկավար Շտեֆան Մայստերը, հակամարտության դինամիկան այնքան վտանգավոր է դարձել, որ արտաքին դերակատարբերի համար հեշտ չի լինի հասնել հակամարտության ավարտին»,- նկատելէ լրատվամիջոցը՝ մանրամասնելով, որ խոսքը երկու թշնամացած հարևան երկրերի մասին է: DW-ն ընդգծում է, որ Ադրբեջանն ավելի վստահ է գործում այն բանից հետո, երբ Թուրքիան ավելի ու ավելի ամուր կանգնեց Բաքվի կառավարության կողքին: «Ռուսաստանը խնդրահարույց դեր է խաղում այս հակամարտությունում, քանի որ օգտագործում է այն երկու երկրներին իրենից կախվածության մեջ պահելու համար: Այն իրականում Հայաստանի պաշտպանը չէ, հայերն այդչափ վստահ չեն, այլ այնպիսի տպավորություն ունեն, որ Ռուսաստանը երկու դերակատարների հետ էլ խաղում է: Միաժամանակ, Ռուսաստանի արձագանքը համեմատաբար թույլ է, մինչդեռ Թուրքիան զանգվածային ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին»,- նշված է հրապարակման մեջ։

Այդտեղ ներկայացվել է ԳԴՀ Հեսսեն երկրամասի «Խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրության հիմնադրամի» փորձագետի խոսքը, որի համաձայն, ԵՄ տեսանկյունից, որը ցանկանում է Արևելյան գործընկերության երկրներում զինադադարի պահպանում, կարող է խելամիտ լինել Էրդողանի հետ բանակցելը՝ Հարավային Կովկասում վերջինիս ներգրավվածության շուրջ: Ըստ նրա՝ հակամարտող կողմերի հետ բանակցություններում կարող է հատկապես հաջողություն գրանցել նաև Գերմանիան՝ որպես ԵՄ-ում նախագահող երկիր:

Bild-ն Ստեփանակերտից ռեպորտաժ է հրապարակել  «Փախե՛ք, ինքնաթիռները կրկին ռմբակոծում են». բնակչության կեսը փախուստի է դիմել» վերտառությամբ և դիտարկումով, որ հրթիռակոծություններն անընդհատ վերսկսվում են հենց այն ժամանակ, երբ դրան ամենաքիչն են սպասում: Սկսվում է խուճապ, հնչում են ձայնային ազդանշանները, և մարդիկ փախչում են դեպի նկուղներ:

Թերթը նշել է, որ Ստեփանակերտում՝ վիճարկվող անկլավ Լեռնային Ղարաղաղի մայրաքաղաքում, դաժան օդային հարձակումներ, հրթիռակոծություններ են լինում, ինչի արդյունքում կրկին ու կրկին քաղաքացիական շենքեր են թիրախավորվում:

«Ադրբեջնական զինուժը արդեն մեկ շաբաթ է, ինչ Թուրքիայի աջակցությամբ հարձակվում է շրջանի վրա՝ վկայակոչելով այն, որ միջազգային իրավունքի համաձայն Ղարաբաղն Ադրբեջանին է պատկանում: Այդուհանդերձ, շուրջ 150 000 բնակիչներով այս շրջանը մեծամասամբ հայերով է բնակեցված»,- շեշտել է պարբերականը և եզրափակել. «Ստեփանակերտից հետո հաջորդ խոշորագույն քաղաքը Շուշին է, որը խաղաղ օրերին նման է դրախտի՝ դեպի լեռներ բացվող տեսարաններով: Հիմա տեսնում ենք միայն ավերածություններ: Երկուշաբթի կրակի տակ էր հայտնվել մշակութային կենտրոնը»:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (09.10.2020)
Դիտումներ: 84 | Վարկանիշ: 0.0/0
Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որ...
Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որ...

Սլովակիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հ...
Սլովակիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հ...

Հայաստանում 83 անձի հետազոտության արդյունքում կորո...
Հայաստանում 83 անձի հետազոտության արդյունքում կորո...

Դրամաշնորհներ գործարարների համար
Դրամաշնորհներ գործարարների համար

Անոթային վիրաբույժի կողմից «Գորիս» ԲԿ-ում կիրականա...
Անոթային վիրաբույժի կողմից «Գորիս» ԲԿ-ում կիրականա...

Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են ռուսա...
Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են ռուսա...

Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստան...
Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստան...

Անվճար այցելություն մշակութային կենտրոններ
Անվճար այցելություն մշակութային կենտրոններ

Կազմակերպված հասարակություն ունենալու համար անհրաժ...
Կազմակերպված հասարակություն ունենալու համար անհրաժ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62