Գորիսը վերջին հրաժեշտը տվեց իր նահատակ-հերոս զավակին՝ Կարեն Հայրապետյանին. նրա խիզախությանն առնչվել էինք դեռեւս Ապրիլյան պատերազմի օրերին

Մեծ կամք եւ ջանք, նաեւ սառնասրտություն է պահանջվում՝ առանց հույզերի ու կսկիծի ընթերցելու ռազմաճակատում նահատակված մեր քաջորդիների անուն-ազգանունները՝ ծննդյան թվականներով, որ սեպտեմբերի 27-ից պարբերաբար ներկայացվում է հանրությանը:

Մյուս կողմից՝ մեր լավագույն զավակների կորուստը՝ հերոսներին վայել ձեւով սգալու, հուղարկավորելու ժամանակ ու հնարավորություն էլ, կարծեք, չկա:

Հայոց երկիրն օրհասի մեջ է, սահմանում կենաց եւ մահու պատերազմ է՝ յուրաքանչյուրիս ֆիզիկական մասնակցությանը սպասող:

Եվ, այդուհանդերձ, հնարավորություն ունեցանք հոկտեմբերի 15-ին Գորիսում մասնակցել մարտադաշտում հերոսաբար նահատակված հրամանատար, փոխգնդապետ Կարեն Հայրապետյանի հուղարկավորությանը:

Կարեն Հայրապետյանը հողին հանձնվեց Մեծ հայրենականում եւ Արցախյան գոյամարտում զոհված գորիսեցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մերձակայքում օրերս հիմնված պանթեոնում: Ինքն այդ սրբավայր-պանթեոնի չորրորդ «բնակիչը» դարձավ: Վերջին օրերին այդտեղ էին իրենց հավերժական հանգրվանը գտել Արցախյան մերօրյա պատերազմի եւս երեք նահատակ, որոնցից յուրաքանչյուրին կանդրադառնանք առանձին հրապարակմամբ:

Մինչ այդ Սյունյաց թեմի առաջնորդանիստ եկեղեցում՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում, ապա նորահիմն պանթեոնում կատարվեց Կարեն Հայրապետյանի թաղման կարգը՝ գլխավորությամբ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանի:

Պանթեոնում դամբանական խոսքով հանդես եկավ բանակային 1-ին կորպուսի ներկայացուցիչ, փոխգնդապետ Էդիկ Գրիգորյանը, ով մասնավորապես ասաց. «Կարեն Հայրապետյանն անմահացավ հերոսի մահով: Նա առյուծասիրտ այն քաջերից էր, ովքեր սրբորեն կատարեցին ու կատարում են իրենց պարտքը՝ գործելով ռազմական սխրանքներ եւ ապացուցելով իրենց որդիական սերը հայրենիքի հանդեպ, ինչպես եւ հավատարմությունը՝ զինվորական երդմանը:

Փա՛ռք քեզ, փոխգնդապետ Կարեն Հայրապետյան՝ սխրանքներով անմահացած քաջորդի, որ ընտրեցիր բարձունքներից ամենաբարձրը՝ հանուն հայրենիքի մարտիրոսվելու զոհասեղան-գագաթը:

Հավատացած եղի՛ր, քո սուրբ շիրմին ամեն անգամ կխոնարհվեն ամենաբուրումնավետ ծաղիկներն ու հայոց մարտական դրոշները, նաեւ նրանք, ովքեր հայրենիքի կանչով նույնպես կգնան սահման՝ պաշտպանելու հայոց սրբազան հողն ու մեր ազգային արժանապատվությունը»:

Կարեն Հայրապետյան նահատակի աճյունը գերեզման իջեցվեց զինվորական պատիվներով՝ Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների, ապա եւ հրազենային համազարկերի ներքո:

Մերօրյա հերոսին վերջին հրաժեշտը տալու եկած հարյուրավոր գորիսեցիների ցավի եւ արցունքի միջից, մինչդեռ, ցասումի եւ վրեժխնդրության կրակ էր ցայտում:

Հուղարկավորության ամբողջ ընթացքը յուրօրինակ եւ վերստին հավաստումն էր այն բանի, որ մեր հերոսների թափած ծով արյան պատասխանը մեկն է լինելու՝ հաղթանակ …

***

Կարեն Հայրապետյանը ծնվել է 1979 թ. Գորիս քաղաքում:

Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, ավելի ուշ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ապա՝ հրամանատարական դասընթացներում:

ՀՀ զինված ուժերում եւ Պաշտպանության բանակում հրամանատարական տարբեր պաշտոններ է վարել:

Ապրիլյան պատերազմի օրերին ՊԲ զորամասերից մեկի հրամանատարի տեղակալն էր եւ շտաբի պետը:

2020 թվականին նշանակվել է Սիսիանի N զորամասի հրամանատարի՝ մարտական գծով տեղակալ: Այդ կարգավիճակով էլ պատերազմի առաջին իսկ օրը մեկնեց  ճակատ:

Կարեն Հայրապետյանը հայրենիքին մատուցած բարեխիղճ ծառայության համար արժանացել է պետական եւ գերատեսչական տարբեր պարգեւների: Մասնավորապես՝ «Մարտական ծառայության մեդալ»-ի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», «Վազգեն Սարգսյան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ» մեդալների:

Ամուսնացած էր, երեք զավակի հայր:

Մեծ հեղինակություն էր վայելում ծառայակիցների ու ճանաչողների շրջանում:

Աչքի էր ընկնում մարտական ու ֆիզիկական բարձր պատրաստվածությամբ, կազմակերպչական ունակություններով եւ հրամանատարական գնահատելի հմտություններով, կարողանում էր ճիշտ կողմնորոշվել մարտական բարդ իրավիճակներում:

***

Կարեն Հայրապետյանը, ինչպես նշեցինք, 2016 թ. ապրիլյան պատերազմի մասնակիցներից է:

Պատերազմին հաջորդած օրերին (30.04.2016 թ.) «Սյունյաց երկիրն» այցելել էր արցախաադրբեջանական շփման գծի հարավային թեւ:

Այցի արդյունքներն արտացոլված են  թերթի նույն տարվա մայիսի 4-ի համարում (N14)՝ «Մեր լինելիության ստույգ երաշխավորը 18-20 տարեկան զինվորներն ու նրանց հրամանատարներն են» վերտառությամբ:

Այցի ընթացքում հանդիպել էինք նաեւ ԼՂՀ  պաշտպանության  բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ, փոխգնդապետ Կարեն Հայրապետյանին:

Ահա, թե ինչ էինք գրել այդ հանդիպման մասին նույն հրապարակման մեջ. «Անթաքույց հպարտություն ապրեցի,  երբ առաջնագիծը հսկող գնդի շտաբի պետի պաշտոնում տեսա զավակներիս համադասարանցուն՝ Կարեն Հայրապետյանին: Կարծես երեկ էր՝ մեր բակում կռիվ-կռիվ էին խաղում թաղի երեխաները, իսկ հիմա… առնականացած, քաջ ու կորովի տղամարդու տեսք ստացած փոխգնդապետ է՝ հայ սպայի ու հրամանատարի իր առաքելությունը լավագույնս գիտակցող, մարտական նոր գործողությունների, ամեն պահի կրակագիծ նետվելու պատրաստ, հերթապահության մեկնող տղաներին քաջալերող»:

Եվ այդ քաջորդու երկրային կյանքն ընդհատվեց 2020 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Հադրութի մերձակայքում, ադրբեջանա-թուրքական-ահաբեկչական ելուզակների դեմ մղվող անհավասար մարտերից մեկում:

Փա՛ռք քեզ,  հայ զինվոր, որ հանուն Հայոց սրբազան հողի չխնայեցիր կյանքդ անգամ:

Սամվել Ալեքսանյան



Աղբյուրը՝ https://syuniacyerkir.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (15.10.2020)
Դիտումներ: 4164 | Վարկանիշ: 0.0/0
Ծագումով հայ ամերիկացի աթլետը ՀՀ քաղաքացիություն է...
Ծագումով հայ ամերիկացի աթլետը ՀՀ քաղաքացիություն է...

Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին
Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին

Սիսիանի կենտրոնական հրապարակում կտեղադրվի մեծ LED ...
Սիսիանի կենտրոնական հրապարակում կտեղադրվի մեծ LED ...

Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պ...
Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պ...

ՀՀ ազգային հերոս, կապիտան Ռուբեն Սանամյանը ողջ և ա...
ՀՀ ազգային հերոս, կապիտան Ռուբեն Սանամյանը ողջ և ա...

Բազարչայի «Գորայք» անունը Գորիս քաղաքի հին անունն ...
Բազարչայի «Գորայք» անունը Գորիս քաղաքի հին անունն ...

Պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապ...
Պետք է ամուր և պինդ կանգնենք սպորտի կողքին. վարչապ...

Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 45 զոհի անուն, հայկակա...
Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 45 զոհի անուն, հայկակա...

Կորոնավիրուսը սպառնում է նաեւ ավտոշուկային
Կորոնավիրուսը սպառնում է նաեւ ավտոշուկային

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62