Արցախի Պաշտպանության բանակը շարունակում է հերոսական մարտեր մղել ադրբեջանաթուրքական, ահաբեկչական զորքերի դեմ: Մեր զինվորների ու սպաների անօրինակ սխրանքների եւ կյանքի գնով թշնամին չի կարողանում հասնել իր նպատակադրած ցեղասպան ծրագրի իրագործմանը: Ստեղծված լարված իրավիճակում, երբ ռազմաճակատի գիծն անընդհատ փոփոխություններ է կրում, հայոց զինված ուժերին առավել գործնական աջակցություն ցույց տալու անհրաժեշտություն է առաջացել: Այդ առումով ծանրակշիռ քայլ կլինի Սյունիքի մարզի ամեն մի բնակավայրում ինքնապաշտպանական ջոկատների կազմավորումը, որում կընդգրկվեն առաջին հերթին ֆիզիկական եւ մարտական որոշակի պատրաստություն ունեցող տղամարդիկ: Նաեւ նրանք, ովքեր ի վիճակի են մասնակցելու ամրաշինական աշխատանքների: Ինչո՞ւ է կարեւորվում ինքնապաշտպանական ջոկատների կազմավորումն ըստ բնակավայրերի: Նախ՝ Սյունիքի պատմության ամենավճռական պահերին՝ լեգենդար Անդոկ իշխանի օրերից մինչեւ առասպելական Մելիք Հայկազն 2-րդ, մինչեւ Դավիթ Բեկ եւ Մխիթար Սպարապետ, Զորավար Անդրանիկի եւ Գարեգին Նժդեհի օրերից մինչեւ Վազգեն Սպարապետ, կանոնավոր զորագնդերի հետ կողք-կողքի ստեղծվել են ժողովրդական աշխարհազորային ջոկատներ կամ որ նույնն է՝ ինքնապաշտպանական ջոկատներ, առանց որոնց անհնարին կլիներ դարերի քառուղիներով Սյունիքի հերոսական ընթացքը: Մեր նախնիների այդ ավանդույթն այսօր էլ պահանջված է, ինչպես բոլոր ժամանակներում: Մյուս կողմից՝ բարեբախտաբար մեր շարքերում են 1990-ականների սյունիքյան ինքնապաշտպանական ջոկատների առյուծաբաշ տղերքը, որոնց սխրանքների շնորհիվ թուրք-ազերին ջարդ կերավ Արցախյան առաջին պատերազմում, եւ օտարի լծից ազատագրվեց հայոց Արցախը: Այդ առյուծ տղերքի փորձը, իմացությունը, նաեւ տեղանքին քաջատեղյակությունն անգերազանցելի ու բացառիկ օգնություն եւ ռեսուրս են երիտասարդների համար: Մեր 18-20 տարեկան փառապանծ պատանիներն ավելի վստահ կգործեն՝ իրենց կողքին տեսնելով փորձառու նվիրյալներին՝ ավագ սերնդից: Մի խոսքով՝ մարզի ամեն մի բնակավայրում ինքնապաշտպանական ջոկատ ստեղծելն օրվա հրամայականն է: Եվ մենք պետք է դրան հասնենք շատ կարճ ժամանակահատվածում: Հավատացեք, դրա համար որեւէ համայնքապետի, պատգամավորի, ներկա եւ նախկին իշխանավորի, հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարի, տեղական օլիգարխի, իրավապահ մարմինների պատասխանատուների կոչի եւ հորդորի կարիքը որեւէ մեկը չունի, քանզի մեր սրբազան հողն է վտանգված, իսկ դրանից առավել կոչ չկա եւ չի կարող լինել մեզանում: Ավելին` առաջին հերթին այդ մարդկանց ինքնապաշտպանական ջոկատներում տեսնելու պահանջարկ եւ հրամայական կա, այլապես մեր սրբազան պատերազմը Հայրենական չի կոչվի, այլապես մեր ժողովուրդն իրեն վերստին խաբված կզգա: Խոնարհումի արժանի է Սյունյաց աշխարհի բազմաթիվ դուստրերի պահվածքը. պատերազմի առաջին իսկ օրերից նրանք կամավորական ջոկատներում են. մեր հրաշալի այդ դուստրերի վարքը, անշուշտ, ընդօրինակման ու գնահատանքի արժանի է: Մենք հույս ունենք, որ զինվորական իշխանություններն ինքնապաշտպանական ջոկատներին ոչ միայն կզինեն համապատասխան զենքով ու զինամթերքով, այլեւ մասնագետների կողմից վարժանքներ կկազմակերպվեն նրանց համար: Վստահ ենք եւ համոզված, որ նորակազմ ինքնապաշտպանական ջոկատները գործնական ավանդ կբերեն մեր սրբազան պատերազմում, որ պարտադրվել է հայոց դարավոր թշնամու կողմից: Հ.Գ. Կազմավորվող ինքնապաշտպանական ջոկատներին՝ առանձին-առանձին, կանդրադառնանք հետագա հրապարակումներում: Սամվել Ալեքսանյան Աղբյուրը՝ https://syuniacyerkir.am/ | |
| |
Դիտումներ: 836 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|