Արտակ Դավթյան. «Հայոց քաջորդիների նոր սերունդ է հերոսանում ռազմի դաշտում, եւ պարտավոր ենք արժանապատիվ թիկունք ու նեցուկ լինել նրան»

Ռազմաճակատի հարավային թեւի կացությունը զգալիորեն պայմանավորված է Սյունիքի մարզի իրավիճակով: Ահա, թե ինչու է Սյունիքից սկիզբ առնող տեղեկատվությունն ավելի սպասված դառնում ժամ առ ժամ:

Ճակատամերձ Սյունիքի բնակչությանը մտահոգող մի քանի հարց պարզաբանելու նպատակով էլ քիչ առաջ հանդիպեցինք մեր երկրամասի պաշտպանական աշխատանքների համակարգող, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին:

***

-Պարոն գեներալ, չնայած պայմանավորվել էինք ռազմական գործողություններին ուղղակիորեն առնչվող հարցեր չարծարծել մեր զրույցներում, բայց ստիպված ենք  խնդրել Ձեր գնահատականը՝ Սյունիքի արեւելյան սահմանամերձում ստեղծված դրության մասին:

-Բավականին բարդ իրավիճակ է…

Մեր զորքերը կատարում են իրենց առջեւ դրված խնդիրներն ըստ ուղղությունների եւ բնագծերի:

Որոշ հատվածներից զորքերը դուրս են բերվել՝ հարվածի տակ չընկնլու համար, եւ դա՝ Գլխավոր շտաբի կողմից պլանավորված ձեւով:

- Մի քանի օր է, ինչ մամուլը տեղեկություններ է սփռում՝ Սյունիքի արեւելյան սահմանների երկարությամբ (առայժմ ոչ բոլոր հատվածներում) Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ստորաբաժանումների տեղաբաշխման մասին:

Դա շատ կարեւոր հարց է մի քանի առումով . գուցե լո՞ւյս սփռեք դրա վրա:

- Արդեն ասել եմ՝ սահմանների հատման կետում՝ Մեղրու հատվածում, ռուսական սահմանապահ զորամասը կանգնած է եւ կատարում է իր խնդիրները:

Ուրիշ հատվածներում էլ կան, բայց այդ մասին հավանաբար պաշտոնական հաղորդում կլինի պատկան մարմինների կողմից:

Ինչ վերաբերում է Գորիս-Մեղրի ավտոմայրուղում սովորականից շատ երեւացող ռուսական զինվորական մեքենաներին, ապա դա միտված է պետական սահմանի (Մեղրու հատվածում) հսկողությունն ուժեղացնելուն:

- Հոկտեմբերի 23-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի խոսնակը տարածեց մի տեղեկատվություն, որի համաձայն՝ ադրբեջանական դիվերսիոն խմբերը ներթափանցել են Որոտան բնակավայրի տարածք:

Մարզի բնակչության շատ քիչ մասը գիտեր, որ խոսքը երբեմնի Կուբաթլի շրջկենտրոնի մասին է:

Բնակչության մեծամասնությունը Որոտան բնակավայր ասվածն ընկալել է իբրեւ Գորիսի տարածաշրջանի Որոտան գյուղ՝ Գորիս-Կապան ավտոմայրուղու վրա, ինչն էլ որոշակի խուճապի տեղիք է տվել Գորիսում, Կապանում եւ Մեղրիում:

Իհարկե, ժամեր անց այդ թյուրիմացությունը պարզաբանվել է, բայց դա վերստին նկատելի է դարձրել մարդկանց անհանգստությունը Գորիս-Կապան ավտոմայրուղու անվտանգության շուրջ:

-Գորիս-Կապան ավտոմայրուղում՝ անվտանգության առումով որեւէ խնդիր չի եղել ու չկա: Միակ խոչընդոտը, եթե, իհարկե, կարելի է խոչընդոտ համարել, դա ճանապարհին կատարվող շինարարական աշխատանքներն են:

-Օրեր առաջ ռուսական որոշ լրատվամիջոցներ, հիմք ընդունելով Ադրբեջանում ակտիվորեն շրջանառվող խոսակցությունները, պնդում էին, թե իբր վտանգված է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, ասել  է թե՝ Լաչինի միջանցքը:

Ի՞նչ կասեք այդ առումով:

- Ես ծանոթ չեմ լրատվամիջոցների նման հաղորդումներին, բայց կասեմ այն, ինչ իրական է ու հավաստի՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը գործում է լիարժեք, խանգարող որեւէ հանգամանք չկա:

Միեւնույն ժամանակ՝ կան որոշ սահմանափակումներ՝ պայմանավորված Հայաստանում եւ Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ:

- Արդյո՞ք մարզի որեւէ գյուղից բնակչության տարհանման խնդիր է դրված, թե՞  դարձյալ գործ ունենք ասեկոսեների հետ:

- Մարզի որեւէ բնակավայրից բնակչության տարհանման խնդիր դրված չէ: Ավելին՝ նման քայլ պլանավորված չէ: Համենայնդեպս՝ իմ մասնակցությամբ նման հարցի քննարկում չի եղել:

- Անօդաչու թռչող սարքերի խնդրին ենք ուզում անդրադառնալ…

Վերջին երկու օրում Գորիսի օդային տարածքում ԱԹՍ-ներ էին վխտում:

 Պաշտոնական հաղորդում չի եղել այդ մասին, եւ մարդիկ յուրովի են մեկնաբանում այդ ամենը. ոմանք ասում են՝ մեր «դրոններն» են, մյուսները թշնամական են համարում:

Ու ոչ մի օդային տագնապ…

-Ե՛վ մեր «դրոնները» կան, ե՛ւ հակառակորդինը…

Հակառակորդը, բնականաբար, ձգտում է ուժեղացնել հետախուզությունը, ինչը սպասելի է…

Մենք տիրապետում ենք իրավիճակին:

Եվ, այդ բոլորով հանդերձ, յուրաքանչյուր դեպքում օդային տագնապ հայտարարելու որոշում կարող է ընդունել ԱԻՆ-ը՝ Պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված:

Եթե  օդային տագնապ չի հայտարարվել Ձեր նշած դեպքերում, ուրեմն (հավատացեք) դրա կարիքը չի եղել:

-Պարոն Դավթյան, որքանով տեղյակ ենք, ամեն օր Դուք այցելում եք Սյունիքի սահմանային տեղամասեր. ի՞նչ տպավորություն ունեք հատկապես մեր կամավորականների- աշխարհազորայինների գործունեությունից:

-Հաճելի է տեսնել այն բարձր տրամադրությունը եւ ոգին, որ իշխում է կամավորականների միջավայրում:

Այսօր Խնձորեսկի ուղղությամբ հանդիպեցի հանրապետության այլ մարզերից ժամանած կամավորականների…

Մեկ ընտանիքի պես էին՝ իրենց խնդիրները կատարելու վճռականությամբ լեցուն:

Ուշագրավ էր մեկ ուրիշ հանգամանք նույնպես. բոլորը ցավ են ապրում մեր նահատակ տղաների համար, բոլորը գիտակցում են պահի լրջությունը եւ պատմականությունն ու իրենց պատասխանատվության աստիճանը: Բայց կա հավատ եւ վստահություն մեր զինված ուժերի հանդեպ:

Կամավորականներից շատերը հիշում են 1990-ականների պատերազմական գործողությունները. ավելի ծանր ժամանակներ էին, կրակի տակ էին մեր ճանապարհները: Սակայն հայ ժողովուրդը հաղթահարեց դժվարությունները եւ փառքով դուրս եկավ այդ վիճակից ու մեծ հաղթանակ կերտեց:

Այդ հիշողություններն էլ յուրօրինակ լիցք են՝ գոտեպնդելու մեր կամավորականներին, համախմբելու նրանց, սթափ գնահատելու իրավիճակը եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու առաջադրված խնդիրները:

-Կամավորականներին վարժելու, մարտական գործողությունների պատրաստելու խնդիր եւս, կարծում ենք, կա…

-Փորձում ենք վարժանքներ անցկացնել. ունենք համապատասխան սպաներ, որ պատասխանատու այդ գործը կատարում են: Բայց չմոռանանք՝ ինքնապաշտպանական ջոկատի, աշխարհազորայինների խնդիրը նախ եւ առաջ զինված ուժերին աջակցելն է:

- Անկեղծ լինենք՝ ժամանակ առ ժամանակ ճակատից նորանոր տեղեկություններ են ստացվում (եւ ոչ միշտ դրական)…Ինչպե՞ս է այդ ամենն անդրադառնում Սյունիքի բնակչության տրամադրության վրա:

-Այս վճռական պահին Սյունիքում կա համախմբվածություն, կա նվիրում եւ հավատ հաղթանակի հանդեպ…

Մարդիկ՝ անկախ տարիքից կամ ունեցած հասարակական դիրքից, հասկանում են պահի լրջությունը եւ կատարում իրենցից կախվածը, որպեսզի պատերազմը պսակվի հաղթական ավարտով:

Եթե այդ ամենի հստակ գիտակցում չլինի, ապա շատ դժվար կլինի մեզ պարտադրված պատերազմին դիմակայելն ու հաղթանակ կերտելը:

Իսկ մենք փորձում ենք լուծել մեր առջեւ դրված խնդիրները եւ լուծում ենք...

Հայոց քաջորդիների նոր սերունդ է հերոսանում ռազմի դաշտում, եւ պարտավոր ենք (ամենքս մեր տեղում եւ մեր կարելիությունների չափով) արժանապատվորեն թիկունք եւ նեցուկ լինել նրան:

Զրույցը՝  Սամվել Ալեքսանյանի



Աղբյուրը՝ https://syuniacyerkir.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (25.10.2020)
Դիտումներ: 407 | Վարկանիշ: 0.0/0
Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության ն...
Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության ն...

Արաբական Միացյալ Էմիրություններում կորոնավիրուսի պ...
Արաբական Միացյալ Էմիրություններում կորոնավիրուսի պ...

Կուրցը Եվրոպային կոչ Է արել տեղի չտալ Թուրքիայի ճն...
Կուրցը Եվրոպային կոչ Է արել տեղի չտալ Թուրքիայի ճն...

Սի Ծինփինը երախտագիտություն է հայտնել կորոնավիրուս...
Սի Ծինփինը երախտագիտություն է հայտնել կորոնավիրուս...

#ՄնաՏանը. Մոսկվայից դեպի Երևան պլանավորված թռիչքնե...
#ՄնաՏանը. Մոսկվայից դեպի Երևան պլանավորված թռիչքնե...

ՌԴ օդուժը ռմբակոծում է Շահրանազի և Շաշաբուլի այն հ...
ՌԴ օդուժը ռմբակոծում է Շահրանազի և Շաշաբուլի այն հ...

Թեհրանից ՀՀ քաղաքացիների տեղափոխող հերթական ինքնաթ...
Թեհրանից ՀՀ քաղաքացիների տեղափոխող հերթական ինքնաթ...

Թեհրան-Ստամբուլ չվերթն շտապ վայրէջք է կատարել Անկա...
Թեհրան-Ստամբուլ չվերթն շտապ վայրէջք է կատարել Անկա...

Վրաստանը կասեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հե...
Վրաստանը կասեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հե...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62