Վերադարձել ենք Մեղրիից. գալիք օրերն անպայման հաղթական են լինելու…

Մեղրիում էինք… Բնության մեջ գոյություն ունեցող բոլոր աշնանային գույները, ասես, հավաքվել էին այստեղ. ոսկեփայլ տեսիլներ, անտառների ու այգիների միջից կանթեղի պես առկայծող թփեր, արեւավառ տերեւներ, ամենուրեք թովիչ քնքշություն. իսկ արքայանարնջի ծանրաբեռ ծառերը  գեղեցիկ նազանքով կարծես կարոտում էին ճակատ մեկնած տղաներին եւ սպասում նրանց հաղթական վերադարձին…

Երկնահաս լեռնագագաթներն էլ՝ Գողթանասարից սկսած, մեր նախնիների հերոսական պատմության հեւքն էին լսելի դարձնում՝ իրենց վեհությամբ ու հպարտությամբ՝ նոր բովանդակություն հաղորդելով Սյունիքի հարավային դարպասին…

Հնարավոր չէր տեսնել այդ ամենն ու չհուզվել, մանավանդ որ այդ ամենն այս օրերին խորհրդանշում են ապրելու-արարելու մեր  ազգային հաստատակամությունը, անպայման հաղթելու մեր ձգտումը…

Մեղրի մտնելիս՝ Այգեձորի խաչմերուկից սկսած, աչք գրավեց Մ-2 մայրուղու գեղեցիկ ու նորակերտ վիճակը. մինչեւ Մեղրի քաղաք ձգվող 10 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգումը հասցրել էին  գրեթե ավատել: Մնում էին ճանապարհային նշանների, մետաղական արգելապատնեշների տեղադրման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն սահմանված ժամկետում:

Այդ ամենը, անշուշտ, ուրախացնող է. մեր ժողովրդի համար վճռական այս շրջանում ռազմաճակատային հաջողության ստույգ առհավատչյաններից մեկը կազմակերպված թիկունքն է, առավել եւս այն պարագայում, երբ թիկունքի այդ հատվածը Հայաստանն արտաքին աշխարհին կապող կենսական նշանակության միջանցքն է, որը, բարեբախտաբար, շարունակում է աշխատել  նախապատերազմյան ռիթմով…

…Մենք նախ այցելեցինք վաստակաշատ ճանապարհաշինարար Ազատ Գասպարյանին:

Սովորաբար ժպտերես Ազատ Գասպարյանն այս անգամ տխուր մտածումների մեջ էր: Նահատակ տղաներին էր ափսոսում, հոգին ցավում էր իր կոլեկտիվի երկու առյուծ տղաների՝ Սեյրան Գուլիզարյանի եւ Արշակ Տոնոյանի կորստյան համար, որոնք գտնվել էին  կրակագծի հարավային թեւում՝ պատերազմի հենց առաջին օրերին: Առանձնահատուկ հարգանքով ու ակնածանքով էր հիշում Դավիթ Մաթեւոսյան նահատակին…

Ազատ Գասպարյանի հետ մեր հանդիպումը  ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր:

Նա անհանգիստ էր ճակատում գտնվող բոլոր մեղրեցիների եւ հատկապես  համընդհանուր զորահավաքի շրջանակում իր կոլեկտիվից զորակոչված տասնյակ տղաների ճակատագրի համար: Ու ոգեշնչող տեղեկություն ստանալիս՝ նրա տրամադրությունը բարձրանում էր,  երբ համոզվում էր, որ դիրքերում մեր զինվորների ոգին մարտական է:

Հետո… ամրաշինական աշխատանքների համար նոր միջոցներ, նոր տեխնիկա հատկացնելու խնդիր է ծագում, որը հնարավորինս արագ լուծում է ստանում: Առհասարակ գոհ է ամրաշինական աշխատանքների ընթացքից, հիացմունքով է արտահայտվում դրանցում ընդգրկված ճանապարհաշինարարների մասին:

Հետո… աշխարհազորայինների համար խիստ անհրաժեշտ պարագաների հերթական բեռը ստանալու մասին է տեղեկություն ստանում եւ փորձում շուտափույթ  հասցնել հասցեատերերին:

Ամեն ինչի մասին, բնականաբար, հնարավոր չէ հիմա ավելի հանգամանալից խոսել՝ հասկանալի պատճառներով, բայց կցականայինք ներկայացնել ընթացող ճանապարհաշինական աշխատանքների  մասին նրա խոսքը:

-Դուք արդեն տեսել եք՝ Մ-2 մայրուղու վրա աշխատանքները հիմնականում ավարտվել են, հիմա էլ Ագարակ քաղաքում ենք աշխատում՝ չորս փողոց է ասֆալտապատվում,-ասում է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերության տնօրենը:

Ըստ Ազատ Գասպարյանի՝ այդ աշխատանքներն ամենից առաջ բարոյական նշանակություն ունեն. պատերազմական օրերին այդ ամենը տեսնելիս՝ մարդիկ վաղվա օրվա հանդեպ առավել վստահությամբ ու հավատով են լցվում:

… Մեղրիում մենք հանդիպեցինք ամենատարբեր ոլորտի մի քանի մարդկանց եւս:

Ոչ մի զրուցակցի մոտ վհատության որեւէ նշույլ չտեսանք. այլ միայն  ցասում, վճռականություն, հաղթանակը մոտեցնելու հաստատակամ ձգտում:

-Մեր նահատակների արյամբ օծված հայոց այս հողն ավելի է սրբացել ու ավելի հարազատացել, այնպես որ՝ ընկճվելու, ընկրկելու մասին խոսք լինել չի կարող, միայն՝ հաղթանակ,- իրենց սրտի  խորքից արտաբերում էին  մեր զրուցակիցները:

Պատերազմական ներկա իրավիճակի մասին մեր զրույցներից կարելի է մի համոզված եզրակացության հանգել՝ գալիք օրերն անպայման հաղթական են լինելու հայոց  աշխարհում…

Սամվել Ալեքսանյան



Աղբյուրը՝ https://syuniacyerkir.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (30.10.2020)
Դիտումներ: 510 | Վարկանիշ: 0.0/0
Սի Ծինփինը երախտագիտություն է հայտնել կորոնավիրուս...
Սի Ծինփինը երախտագիտություն է հայտնել կորոնավիրուս...

Իրանում կորոնավիրուսից հայուհի է մահացել
Իրանում կորոնավիրուսից հայուհի է մահացել

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության ն...
Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության ն...

Վրացի երգիչները հայերենով կատարում են «Ով սիրուն ս...
Վրացի երգիչները հայերենով կատարում են «Ով սիրուն ս...

#ՄնաՏանը. Եմենի հակամարտության 3 կողմերը՝ անսալով ...
#ՄնաՏանը. Եմենի հակամարտության 3 կողմերը՝ անսալով ...

Ռուսաստանը փակում է երկրի մուտքն արտասահմանցիների ...
Ռուսաստանը փակում է երկրի մուտքն արտասահմանցիների ...

Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դ...
Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դ...

#ՄնաՏանը. Մոսկվայից դեպի Երևան պլանավորված թռիչքնե...
#ՄնաՏանը. Մոսկվայից դեպի Երևան պլանավորված թռիչքնե...

Էստոնիայում և Դանիայում գրանցվել է կորոնավիրուսի ա...
Էստոնիայում և Դանիայում գրանցվել է կորոնավիրուսի ա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62