Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոյեմբերի 29-ին Դուբայում մասնակցել է Միջին Արեւելքի հեղինակավոր մրցանակաբաշխությանը (DIAFA): Երգչուհին արժանացել է մրցանակի, որը նվիրել է հերոս զինվորներին: Մրցանակը ստանալիս Իվետան դիմել է հանդիսատեսին՝ ասելով, որ Հայաստանում կրկին ցեղասպանություն է իրականացվում, ու դեռ բազմաթիվ հայ գերիներ են գտնվում Ադրբեջանում: «Այս մրցանակը նվիրում եմ այն բոլոր զինվորներին եւ իմ ընկերներին, որոնք ռազմի դաշտում զոհեցին իրենց կյանքը, որպեսզի հայ ազգն ապրի»,- նշել է նա: Միջին Արեւելքի հեղինակավոր DIAFA (Distinctive International Arab Festivals Awards) մրցանակը հանձնվում է աշխարհի բազմաթիվ երկրներից տարբեր ոլորտներում ձեռքբերումների հասած պրոֆեսիոնալների՝ սկսած բժշկությունից՝ մինչեւ կինոարվեստ, սպորտից՝ մինչեւ երաժշտություն: Նշենք, որ օրեր առաջ էլ Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել էր, որ իր պարտքն է համարում աշխարհին պատմել Արցախի, հայերի առաջ ծառացած խնդիրների մասին։ Նա եւս մեկնել էր Արցախ, շրջել, այնտեղ զրուցել բնակիչների հետ եւ գերմաներենով փոքրիկ ռեպորտաժ նկարահանել: Տեսանյութը հրապարակելով՝ Մուկուչյանը գրել էր, որ պետք է իր ձայնն օգտագործի՝ աշխարհին իր ազգի մասին պատմելու համար: «Իմ առաքելությունն է պատմել մեր ազգի մասին, որն այս օրերին մոռացված է աշխարհի կողմից: Վերջին անգամ այցելեցի այն վայրերը, որոնք միշտ իմ հայրենիքի մի մասն էին: Օրեր անց մենք ստիպված ենք այն հանձնել թշնամուն՝ որպես պատերազմի դառը գին: Իմ սիրելի Արցախ... Դժվար է խոսել քո տարածքային ամբողջականության մասին անցյալ ժամանակով: Հասկանալով, որ աշխարհը լուռ է՝ ես որոշեցի եղածը ներկայացնել այս ռեպորտաժի միջոցով: Սա իմ առաջին վավերագրական աշխատանքն է: Ներողություն եմ խնդրում, որ այն իդեալական չէ»,- գրել էր երգչուհին: Աղբյուրը՝ https://armtimes.com/ | |
| |
Դիտումներ: 129 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|