Թուրքական գործակալությունը կեղծում է փաստերը. ՄԻԵԴ-ն իրականում կասկածի տակ է դրել Խոջալուի դեպքերը

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը խեղաթյուրել է ՄԻԵԴ վճռի դրույթները՝ կապված Աղդամի ողբերգության հետ: Փետրվարի 26-ին գործակալության հրապարակած հոդվածում, ի թիվս Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ ադրբեջանական պաշտոնական քարոզչական կեղծ թեզերի, ընթերցողին որպես դրանք հաստատող «փաստ» է փորձ արվել ներկայացվել «Ֆաթուլլաևն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճռի դրույթներից մեկը՝ ակնհայտորեն խեղաթյուրված, կոնտեքստից ամբողջովին կտրված տարբերակով:

Հոդվածում պնդում է կատարվում, թե նշված գործով ՄԻԵԴ-ը եզրակացրել է՝ «Խոջալուում կատարվածը համարժեք է պատերազմական հանցագործությանը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությանը»:  Հոդվածում արված այդ կեղծ պնդումները տարածել է նաև արաբական Albosala.com կայքը:

«Ֆաթուլաևն ընդդեմ Ադրբեջանի»

2007թ. Ադրբեջանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլլաևի դեմ՝ Խոջալուի դեպքերի վերաբերյալ «զրպարտություններ կատարելու» մեղադրանքով։  Քրեական գործ հարուցելու համար հիմք են հանդիսացել «Իրական Ադրբեջան»-ում Է. Ֆաթուլլաևի հրապարակած ԱՀ իշխանություններին, այլ պաշտոնատար անձանց ուղղված քննադատությունները, ինչպես նաև Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ հակաիշխանական թեզերը հերքող ապացույցներ պարունակող հոդվածները (տե՛ս ՄԻԵԴ վճիռ, պարբերություն 1)։  2005թ. փետրվար ամսին լրագրողը ԼՂՀ կատարած 10-օրյա այցից Ադրբեջան վերադառնալուց «Իրական Ադրբեջան»-ում հրապարակել է «Ղարաբաղյան օրագիր» շարքը,  որում նշվել է. «Ես եղել եմ այդ քաղաքում [Նավթալան], որտեղ խոսել եմ հարյուրավոր (կրկնում եմ, հարյուրավոր) փախստականների հետ, որոնք պնդում էին, որ միջանցք եղել է, և որ նրանք ողջ են մնացել շնորհիվ այդ միջանցքի… Նրանք սպանվել են ոչ թե [ինչ-որ] առեղծվածային [հրաձիգների] կողմից, այլ՝ ԱԺՃ ջոկատների սադրիչների… [Դիակները] խեղվել են մերոնց կողմից...» (1,2,3

Գործով ադրբեջանական դատարանը ակնհայտ ապօրինի վճիռ է կայացրել՝ Է. Ֆաթուլլաևին դատապարտելով ազատազրկման։ Լրագրողը իր դեմ կայացված վճիռը բողոքարկել է ՄԻԵԴ-ում, որը Ֆաթուլաևի դեմ իրականացված գործողությունները գնահատել է վերջինիս իրավունքների խախտում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներով և պարտավորեցրել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել լրագրողին։

ՄԻԵԴ-ի վճիռը և Խոջալուի իրադարձությունները

Խոջալուի իրադարձությունների մասով վճռի 87-րդ պարբերությունում հստակ գրված է. «Դատարանը գտնում է, որ պատմական ճշմարտության հասնելու անքակտելի մաս է հանդիսանում մտքի ազատ արտահայտումը։ Միաժամանակ, Դատարանի գործառույթների մեջ չի մտնում պատմական իրադարձություններին իրավական գնահատական տալը, որի շուրջ քննարկումները պատմաբանների կողմից դեռևս շարունակվում են, ինչն էլ ձևավորում է իրադարձությունների և մեկնաբանության վերաբերյալ տեսակետը։ Դատարանը, այսպիսով, գտնում է, որ Խոջալուի իրադարձություններին առնչվող պատմական փաստերի վերաբերյալ առկա տարակարծությունների վերացումը իր խնդիրը չէ»։ Այսինքն՝ Խոջալուի իրադարձություններին վերաբերող հակասական դիրքորոշումների կամ փաստերի մասով Դատարանը որևէ որոշում չի կայացրել, առավել ևս չի ներառել այն պնդումը, ինչի  մասին գրել է «Անադոլու»-ն։

Դատարանը այնուհետև նշել է. «Սակայն, բացի այս տեսանկյունից, ակնհայտ բացակայում է ինչպես հստակությունը, այնպես էլ Խոջալուի իրադարձություններին վերաբերող մի շարք այլ տեսանկյունների և մանրամասների շուրջ դիրքորոշումները։ Օրինակ, հակասական մոտեցումներ կան այն հարցի շուրջ, թե քաղաքից դուրս գալու համար խաղաղ բնակիչներին ազատ միջանցք արդյոք տրամադրվել է իրականում։  Տարբեր տեսակետներ կան նաև այդ իրադարձությունների ժամանակ ադրբեջանական իշխանությունների և զինված ուժերի դերի ու պատասխանատվության վերաբերյալ, ընդ որում, որոշ զեկույցներում ասվում է, որ նրանք կարող էին ավելին անել խաղաղ բնակչության համար, իսկ որոշներում ենթադրություններ կան առ այն, որ իրենց գործողություններով նրանք նպաստել են իրավիճակի վատթարացմանը: Հարցեր են առաջացել այն մասին, թե որքան ճիշտ է կազմակերպված եղել քաղաքի պաշտպանությունը, իսկ եթե չի եղել, արդյոք դա Ադրբեջանում առկա ազգային-քաղաքական պայքարի հետևանք էր: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ Խոջալուի իրադարձությունների հետ կապված տարբեր հարցեր նախկինի պես մնում են բաց պատմաբանների քննարկման համար, որպես այդպիսին պետք է համընդհանուր հետաքրքրության առարկա լինեն ժամանակակից ադրբեջանական հասարակության համար»: Հենց այս վերջին՝ [...որպես այդպիսին պետք է համընդհանուր հետաքրքրության առարկա լինեն ժամանակակից ադրբեջանական հասարակության համար] դիտարկման մասով Դատարանը նշել է, որ ժողովրդավարական հասարակությունը պետք է հանդուրժի նաև այնպիսի թեմանների քննարկում, որոնք գուցե և [այդ հասարակության մեջ] ընկալվում են որպես պատերազմական հանցագործություն կամ մարդու դեմ ուղղված հանցագործություն: Փաստորեն, «Անադոլու» գործակալությունը, խեղաթյուրել է գործով կայացված վճռի դրույթի բովանդակությունը՝ կոնտեքստից կտրելով 87-րդ պարբերության նշված նախադասության մի մասը և ներկայացրելով իբրև «Դատարանի եզրակացություն»։ Մինչդեռ իրականում Դատարանը գտել է, որ Խոջալուի շուրջ առկա հակասական տվյալները թույլ չեն տալիս հանգել վերջնական եզրակացության և, միաժամանակ, հստակեցրել է, որ, որպես արբիտր, նման բանավեճեր լուծելն իր խնդիրը չէ:

Փաստացի ՄԻԵԴ-ը կասկածի տակ է դրել Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ Ադրբեջանի տարածած թեզերը և նշել այդ թեզերում առկա անհստակությունը, հետազոտման կարիք ունեցող մասերը և այլն  [365news.am]՝ գտնելով. «Դիմումատուն [Է. Ֆաթուլլաև] փախստականների համար նախատեսված միջանցքի շուրջ առկա մրցակցող տարբեր տեսակետներից մեկի հետ իր համակարծությունն է հայտնել, և դրա հիման վրա կարծիք հայտնել, որ որոշ ադրբեջանցի զինվորականներ կարող էին կոտորածի համար պատասխանատվության [իրենց] մասն ունենալ» (տե՛ս ՄԻԵԴ վճիռ, պարբերություն 81), իսկ «ադրբեջանական իշխանությունների կողմից կանխել չկարողանալու կամ, ընդհակառակը,  Խոջալուի իրադարձությունները սադրելու գործում ունեցած դերն ու պատասխանատվությունը դեռևս չավարտված բանավեճի առարկա են» (տե՛ս ՄԻԵԴ վճիռ, պարբերություն 92)։

Հարկ է նշել, որ է. ֆաթուլլաևը համաներմամբ ազատ է արձակվել 2011թ., որից հետո հիմնել է ադրբեջանական Haqqin.az տեղեկատվական կայքը, որն այսօր Ալիևի վարչակարգի հերթական քարոզչական հարթակն է, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանում յուրաքանչյուր ոք, որը կփորձի խոսել իշխանության դեմ, բռնությունների է ենթարկվում այնքան ժամանակ, քանի դեռ չի գործում այնպես, ինչպես իշխանություններն են թելադրում։

Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական իշխանությունների հանձնարարությամբ հակահայկական քարոզչություն իրականացնող լրատվամիջոցներին, ապա դրանք անընդհատ առերեսվել են հայկական կողմի հիմնավոր փաստարկներին, և անկախ այն հանգամանքից թուրքական, թե մեկ այլ լրատվամիջոցն է դառնում հերթական գործիք, դրանից իրականությունը չի փոխվում։ Հակահայկական քարոզչությունը դարձել է ներկայիս Ադրբեջանի հիմնական քաղաքական ուղղությունը, ինչի մասին 2012թ. հայտարարել է Ի. Ալիևը՝ նշելով, որ «համաշխարհային հայությունը մեր հիմնական թշնամին է»։

Վանուհի Կարապետյան



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (05.03.2020)
Դիտումներ: 251 | Վարկանիշ: 0.0/0
Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավի...
Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավի...

Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դ...
Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դ...

Սումգայիթի ջարդերի մասին ադրբեջանցի գրողի կեղծ հոդ...
Սումգայիթի ջարդերի մասին ադրբեջանցի գրողի կեղծ հոդ...

#ՄնաՏանը. ՀՊՏՀ-ում անհրաժեշտության դեպքում առցանց ...
#ՄնաՏանը. ՀՊՏՀ-ում անհրաժեշտության դեպքում առցանց ...

ՌԴ պետական հեռուստաալիքը նվաստացրել է Էրդողանին. Չ...
ՌԴ պետական հեռուստաալիքը նվաստացրել է Էրդողանին. Չ...

«Atlantis European Airways» ավիաընկերությունն Իտալ...
«Atlantis European Airways» ավիաընկերությունն Իտալ...

Ռումինիայի խորհրդարանում ներկայացվել է Սումգայիթի ...
Ռումինիայի խորհրդարանում ներկայացվել է Սումգայիթի ...

ՌԴ-ում ձերբակալված Վահագն Հարությունյանն ազատ է ար...
ՌԴ-ում ձերբակալված Վահագն Հարությունյանն ազատ է ար...

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է...
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62