ԽՍՀՄ սահմաններով Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, բայց օդանավակայանը մնում է հայկական տարածքում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզկենտրոն Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Կապանի օդանավակայանը մնում է ադրբեջանական վերահսկողության տակ: Հարցին՝ օդանավակայանը շարունակելու՞ է աշխատել, արդյո՞ք գործունեությունը վտանգված է, Փարսյանը պատասխանեց, թե դրա վերաբերյալ դեռ ոչինչ չի կարող ասել: «Դա կապված է, թե ինչ ձևով է ապահովվելու անվտանգությունը»,-ասաց նա՝ նշելով, թե այս պահին այդ հարցով քննարկումներ չկան: Նրա խոսքով՝ Կապանի հեռավորությունը սահմանից 2-3 կմ է լինելու: Հարցին, թե երբ կհստակեցվեն օդանավակայանին առնչվող հարցերը, քաղաքապետը պատասխանեց՝ ժամկետներ չկան, կհստակեցնեն դիվանագետները: Փարսյանն ընդգծեց՝ ըստ պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարության՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են՝ հավելելով, որ այս պահին խոսք չկա, թե վաղը պետք է մոտենան սահմանին կամ սահմանազատման աշխատանքներ պետք է վաղը սկսեն: Աղբյուրը՝ http://tert.am | |
| |
Դիտումներ: 363 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|