Սյունիքի մարզի համայնքները գնումների պայմանագրերը չեն հրապարակում

Կառավարությունը 2020թ. սուբվենցիայի ծրագրով համայնքներին տրամադրել է մոտ 25 մլրդ դրամ, որից 5 մլրդ 378 մլն դրամը հատկացրել է Սյունիքի մարզին: Այս մարզին հատկացված գումարն ամենամեծն է հանրապետության 10 մարզերից, Սյունիքին առնվազն 1 մլրդ դրամ ավել է տրվել մյուս մարզերի համեմատությամբ: Մարզում 27 ծրագիր է հաստատվել, որի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 8 մլրդ 550 մլն դրամ: Համայնքների համաֆինանսավորումը կազմում է 1 մլրդ 876 մլն դրամ:

Մարզի 7 համայնքներից սուբվենցիոն ծրագրեր է տրամադրվել 6-ին: Ամենամեծ թվով ծրագրերը հաստատվել են Գորայք համայնքում՝ 7 ծրագիր, միայն Տեղ համայնքը սուբվենցիա չի ստացել: Մնացածը հետևյալ կերպ է բաշխվել՝ Կապան՝ 6 ծրագիր, Սիսիան՝ 5 ծրագիր, Քաջարան՝ 3 ծրագիր, Մեղրի՝ 3 ծրագիր, Գորիս՝ 2 ծրագիր, Տաթև՝ 1 ծրագիր:

Այս տարի ավելի քան 309 մլն դրամի զարգացման ծրագրեր կիրականացվեն Գորայք միավորված համայնքի 4 բնակավայրերում՝ Գորայք, Սպանդարյան, Սառնակունք, Ծղուկ: Գորայքը հանրապետությունում մինչ օրս միավորված համայնքներից ամենաքիչ թվով բնակչությունն ունի՝ 1874 բնակիչ, սակայն դրա համեմատությամբ բավականին մեծ բյուջե ունի՝ մոտ 157 մլն  դրամ: Ի տարբերություն համայնքների գերակշիռ մասի՝ Գորայքի բյուջեի ընդհանուր եկամուտների մեջ համայնքի սեփական եկամուտների բաժինը կազմում է 82%: Այդպես է ստացվել, քանի որ այս համայնքի վարչական տարածքում է գտնվում  «Լիդիան  Արմենիա»  ՓԲԸ-ի կողմից շահագործվող «Ամուլսար»  ոսկու  հանքավայրը:

Շնորհիվ համայնքում առկա ռեսուրսների, համայնքը միանգամից մի քանի սուբվենցիոն ծրագրերի հայտ ներկայացնելու հնարավորություն ունի, որովհետև կարողանում է համաֆինանսավորումն ապահովել: Հաստատված ծրագրերով Գորայքում կապիտալ շինարարություններ են իրականացվելու՝ մշակույթի տան և հանդիսությունների սրահի վերակառուցում, խմելու ջրագիծ, կոյու կառուցում, փողոցների ասֆալտապատում և այլն:

Սակայն, այս գործընթացում ապահովված չէ մի շատ կարևոր բաղադրիչ՝ գնումների հրապարակայնությունը: Գնումների ընթացակարգը հրապարակային և թափանցիկ դարձնելու բազմաթիվ գործիքներ են ստեղծված, սակայն փաստացի հանրությունը հնարավորություն չունի տեղեկանալու, թե ում են վստահված այդքան կարևոր աշխատանքները, կազմակերպչական և տեխնիկակական ի՞նչ հնարավորություններ ունեն մրցույթները շահած շինարարական կազմակերպությունները: Եվ, որ ամենակարևորն է՝ պայմանագրերը կնքելիս որքանո՞վ է կարևորվել շահերի բախման հարցը, բացառվե՞լ են կոռուպցիոն ռիսկերը:

Մրցույթները շահած կազմակերպությունների հետ համայնքների կնքած պայմանագրերը հրապարակելու  պարտավորությունը սահմանված է օրենքով: Դրա համար ստեղծվել են գործիքներ՝ www.armeps.am,  http://gnumner.am/,  http://procurement.am/ կայքերը:

Գնումների հրապարակայնությունն ապահովող https://armeps.am կայքում Գորայք համայնքի անունը ներառված չէ և, բնականաբար, մյուս դաշտերը լրացված չեն՝ գնումների տարեկան պլան, մրցակցության ապահովում, կնքված պայմանագրեր և այլն: Սա վերաբերվում է նաև մարզի Տաթև ու Տեղ համայնքներին:

Դարձյալ ֆինանսների նախարարության կողմից վարվող http://procurement.am/ և http://gnumner.am/ կայքերը լիարժեք չեն գործում և հնարավոր չէ տարեկան կնքվող հարյուր հազարավոր հայտարարությունների ու պայմանագրերի մեջ գտնել հենց այն, ինչն ուզում ես տեսնել: Փնտրման համակարգը չի աշխատում, հետևաբար ապահովված չէ օրենքով սահմանված՝ կնքված պայմանագրերը պարտադիր հրապարակելու պահանջը: Եվ դա միայն տեղական ինքնակառավարման մարմինների մեղավորությունը չէ:

Էլեկտրոնային գնումների հանրային համակարգը՝ ֆինանսների նախարարության www.armeps.am կայքը, ստեղծվել է հանրային գնումների ընթացակարգը թափանցիկ դարձնելու, գնումների ընթացակարգը հեշտացնելու և հանրային վերահսկողությունը ապահովելու համար: Կայքը շատ պարզ կառուցվածք ունի, հարմարեցված է «Գնումների մասին» օրենքով սահմանված բոլոր պահանջներին: Կարծես ավելին պետք չէր երկար տարիներ չարչրկված ամենակոռումպացված թեման՝ պետական և համայնքային բյուջեի ծախսումներն ի վերջո հանրայնացնելու համար: Այն խոցելի կդարձնի բոլոր այն պաշտոնյաներին, որոնք իրենց վստահված հանրային բյուջեի ծախսումներն իրականացնելիս զերծ չեն մնա չարաշահումներից:

Կառավարությունն անցել է պետական բյուջեից մեծ ծավալի ծրագրեր ֆինանսավորելուն, որտեղ ներդրվում է նաև՛ համայնքային բյուջեն, որոշ դեպքերում՝ համաֆինանսավորող նվիրատուների գումարները: Հիմա առավել ևս անհրաժեշտ է հրապարակային դարձնել գնումների ողջ գործընթացը և հետևողական լինել, թե ինչպես են ծախսվում այդքան մեծ գումարները և ում հետ են կնքվում պայմանագրերը:

Գորայք համայնքի պաշտոնական կայքի գնումներ էջում 2019թ. հայտարարված մրցույթի http://www.gorayq.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&dt=Gnumner մի հայտարարություն կա ընդամենը: Հետևաբար, համայնքի բնակիչներն ինչպե՞ս են տեղեկանում մրցույթների օրինականության մասին, որը վերաբերում է ոչ միայն սուբվենցիոն ծրագրերին, այլև ընդհանրապես Գորայք համայնքի տարեկան ընթացիկ գնումներին:

Հարկ է նշել, որ  վերջին տարիներին համայնքների ղեկավարների մեծ մասը բիզնես ոլորտից են տեղափոխվել տեղական ինքնակառավարման ոլորտ, սակայն բիզնես գործունեությունը մոռացության չեն տվել: Ավելին, նրանց հիմնած ընկերությունները շարունակում են գործել, և նրանցից ոմանք պահպանում են իրենց ողջ բաժնեմասն այդ ընկերություններում: Սա նշանակում է, որ կոռուպցիոն չարաշահումների համար «դուռը միշտ բաց է»:

2019թ.-ին Գորայք համայնքի ղեկավար ընտրված Աշոտ Աղաջանյանը մինչ այդ, ավագանու անդամ լինելուց բացի, 2008-2014թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: Բիզնես ոլորտից են ՏԻՄ ղեկավարումն ստանձնած Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների մեծ մասը՝ Կապանի, Քաջարանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի համայնքապետերը: Անգամ համայնքապետերի տեղակալները և համայնքապետարանում առանցքային դերակատարում ունեցող ՏԻՄ այլ պաշտոնյաներ: Բացառություն են թերևս Տաթև և Տեղ համայնքների ղեկավարները:

Նրանք նույնպես համայնքի պաշտոնական կայքում չեն հրապարակում տարեկան գնումները: Տաթև համայնքի կայքէջում 2019թ.-ից մի քանի գնումներ են տեղադրված:

Տեղ համայնքի կայքում գնումները հրապարակված են, բայց ոչ բոլորը http://www.tegh.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&dt=Gnumner&Grd=Page$1:

Հոդվածն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:



Աղբյուրը՝ https://mediapoint.am/?p=8571
Կատեգորիա: Սյունիք | Ավելացրեց: Goris_Today (09.09.2020)
Դիտումներ: 158 | Վարկանիշ: 0.0/0
Ծագումով հայ ամերիկացի աթլետը ՀՀ քաղաքացիություն է...
Ծագումով հայ ամերիկացի աթլետը ՀՀ քաղաքացիություն է...

Ստեղծել կորոնավիրուսի շուրջ մի աղմուկ, որն անբացատ...
Ստեղծել կորոնավիրուսի շուրջ մի աղմուկ, որն անբացատ...

Ավշարի մանկապարտեզը քանդում են․ մասնավոր նախակրթար...
Ավշարի մանկապարտեզը քանդում են․ մասնավոր նախակրթար...

Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դ...
Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դ...

Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիրների քանակը հաս...
Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիրների քանակը հաս...

ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ս...
ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ս...

«Սիսիան սիթի» սուպերմարկետը պարզաբանում է տարածել ...
«Սիսիան սիթի» սուպերմարկետը պարզաբանում է տարածել ...

Հայաստանում 83 անձի հետազոտության արդյունքում կորո...
Հայաստանում 83 անձի հետազոտության արդյունքում կորո...

«Goris Today»-ը փոխում է ձևաչափը
«Goris Today»-ը փոխում է ձևաչափը

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62