Արտագաղթ Գորիսի գյուղերից չի լինելու․ Գորիս-Կապան ճանապարհը՝ վտանգի տակ

Նոյեմբերի 30-ին երեկոյան Հայաստանի հարավային դարպասներից սկսեցին հակասական լուրեր հասնել՝ որ վտանգված են Սյունիքի գյուղերը, որ Կապանի օդանավակայանը, որը շուտով պետք է շահագործման հանձնվեր, տրվում է թշնամուն, որ մեր սահմանապահներին հրահանգված է զորքը հետ քաշել:

Ավելի ուշ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը շտապեց հանգստացնել հանրությանը, թե ԽՍՀՄ սահմաններով Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, բայց օդանավակայանը մնում է հայկական տարածքում։ Բայց անհանգստացնող լուրերը շարունակում էին տարածվել:

Երեկոյան հրաժարական տվեց մարզպետ Հունան Պողոսյանը, իր ֆեյսբուքյան էջին ինտրիգային ու ոչ մի բացատրություն չպարունակող գրառում կատարելով. «Որքան էլ որ փաստարկները, պարզաբանումները, հիմնավորումները հասկանալի, տրամաբանական ու համոզիչ են թվում, միեւնույն է, չկարողացա եւ չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ»։ 

Սյունեցիները մարզպետի հրաժարականի իրենց վարկածն ունեն: «Սահմաններում կանգնած զինվորականներին ասել են` հետ եկեք, բայց իրենք սահմանները չեն զիջում: Դրա համար Սյունքի մարզպետը ասել է՝ ես հրաժարական եմ տալիս, ու պատասխանատվություն չի վերցնում, որովհետև այնտեղի տղաները ասել են՝ մենք էս դիրքերից մեկ միլիմետրով անգամ նահանջով չենք հանձնելու ոչ մեկի», – փոխանցեց Գորիսի բնակիչներից մի կին: 

ՈՒսանող, իրավաբան Սերոժ Խաչատրյանն էլ, որ Գորիսի բնակիչ է, գիշերային գրառում արեց, հետո ջնջեց. «44 օր տևած պայքարից հետո 40 րոպեից Գորիսը սահմանամերձ քաղաք է այլևս: 40 րոպեից Գորիսից հեռու են 40 կիլոմետր: 40 րոպեից հարցականի տակ է Սյունիքի ճակատագիրը…»: Առավոտյան արդեն երիտասարդը մեզ ասաց.

«Բնական է՝ ընթանում են նոր սահմանների գծման աշխատանքներ, և մարզը, ըստ երևույթին, ամբողջ երկայնքով դառնում է սահմանամերձ, և տարածքների հստակեցումը իրականացվում է GPS սարքավորումների միջոցով՝ ըստ պաշտոնական հայտարարության:Իսկ թե որ մասն է մնում, որը տրամադրվում Ադրբեջանին, պաշտոնապես հայտարարվեց, որ օդանավակայանը մնում է ՀՀ տարածքում»։

Որ օդանավակայանը մերն է, նախօրեին հայտարարել էր Կապանի քաղաքապետ Փարսյանը, բայց ունենալով Սոթքի փորձը, անիշխանության պայմաններում մարդիկ ամենավատն են սպասում: Այն, որ փաստացի անիշխանություն է տիրում, երևում է ամենակարևոր հարցերի նկատմամբ պաշտոնական անուշադրւթյունից: Դրանք այսօր՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ գերիներն են ու Սյունիքը: Իշխանությունը երկու հարցերում էլ բացակա է: Ոչ վարչապետի խոսնակը, ոչ ՊՆ-ն, ոչ ՏԿԵ նախարարը երեկ որևէ պաշտոնական պարզաբանում սյունիքյան իրարանցման վերաբերյալ չտվեցին: Զանգերին չէին պատասխանում ողջ օրվա ընթացքում:

Միայն ՏԿԵ նախարարի խոսնակը մեր հարցին՝ ճիշտ է արդյո՞ք, որ Գորիս-Կապան ճանապարհից մեր սահմանապահներին հանում են, պատասխանեց. «Չի համապատասխանում իրականությանը»: Սակայն մանրամասների համար խորհուրդ տվեց դիմել ՊՆ: 

Մանրամասները ստացանք Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանից: Նա երեկ կամավորագրվելու կոչ էր արել. «Կոչ եմ անում շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության արժանապատիվ առաքելությունը։ Մենք դեռ խրամատում ենք, մեկ րոպե անգամ չենք թողել մեր սահմանը և շարունակում ենք ամուր կանգնած մնալ»: 

-Ի՞նչ է այդտեղ կատարվում, ինչո՞ւ եք կամավորներ կանչում:

-Ոչինչ էլ չի կատարվում, կամավորները պոստերում մեր եղբայրների հետ եղել են պատերազմում, հիմա էլ կան, ուղղակի պետք է մի քիչ ավելանան, որ մարդիկ պոստերից գնան տուն՝ հանգստանան, թե չէ, ուրիշ խնդիր չկա: Երեկվանից գրում էին, որ գյուղեր պետք է հանձնվեն, սահմանապահներին ասել են հետ քաշվել, այդ լուրերը ճի՞շտ են: 
Գորիսի մասով նման բան չկա: Չգիտեմ, մնացած սահմանին ինչը ոնց է: 

-Ձեզ չի՞ անհանգստացնում այն, որ ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չկա:

-Ի՞նչ պաշտոնական տեղեկատվություն պետք է լինի: Սրանք մեր գյուղերն են ու վերջ, ի՞նչ պետք է ասեն մեզ: 

-Պատկերացնո՞ւմ եք, Սոթքի դեպքերից հետո մարդիկ ինչ պետք է մտածեն, լսելով, որ Գորիս-Կապան ճանապարհը վտանգված է: Մտածում ենք՝ մի հարամություն էլի թաքուն արած կլինեն:    

-Մենք մեր գյուղերը ոչ տվող ենք, ոչ էլ տենց բան կարա լինի: 

-Առաջխաղացում չկա՞ թուրքերի կողմից: 

Պատերազմը որտեղ կանգնել է, մինչև հիմա էլ մենք այդ նույն վայրում ենք: Դուք սյունեցիներին չգիտե՞ք: 

-Ճանապարհ է տրվելու այդտեղից թշնամուն, արդյո՞ք կողքի գյուղերն էլ կտան:

Գյուղեր կան, որ ստացվում է այնպես, որ մի քանի մետրի վրա կանգնած են լինելու ադրբեջանցիները: Բայց արտագաղթ մեր գյուղերից չի լինելու: Իսկ կայքերին, լրագրողներին խորհուրդ կտամ՝ էդ հակառակորդ բառի փոխարեն գրեք՝ թշնամի: Թե չէ, հակառակորդ նշանակում է՝ հակառակ կողմում կանգնած մարդ: Մենք նրանց ասում ենք հակառակորդ, իսկ թուրքը մեզ՝ թշնամի է ասում: Դրա համար էլ այսօր այս օրի հասանք: 

-Ձեր նկատմամբ քրեական հետապնդումը դեռ շարունակո՞ւմ են: 

-Ես մոռացել եմ դրա մասին: Չգիտեմ: Պատերազմն ինչ սկսվել է, մեր ջոկատով եղել ենք տարբեր տեղերում: Երեք օր եմ ընդամենը եղել Գորիսում: Գուցե, և նամակներ են եկել քննչականից, չեմ նայել: Մեր գործը հիմա մենակ խրամատներն են: 



Աղբյուրը՝ http://hraparak.am
Կատեգորիա: Սյունիք | Ավելացրեց: Goris_Today (02.12.2020)
Դիտումներ: 915 | Վարկանիշ: 0.0/0
Ավստրալիայում կիպրական համայնքը միացել է Էրդողանի ...
Ավստրալիայում կիպրական համայնքը միացել է Էրդողանի ...

Հռոմի պապի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. լրատվ...
Հռոմի պապի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. լրատվ...

#ՄնաՏանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում ձերբակալվել Է Չինաստա...
#ՄնաՏանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում ձերբակալվել Է Չինաստա...

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Վրաստան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Վրաստան (տեսանյութ)

#ՄնաՏանը | Չինաստանը ճանաչել է Արարատը. Սի Ծի...
#ՄնաՏանը | Չինաստանը ճանաչել է Արարատը. Սի Ծի...

#ՄնաՏանը. Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թի...
#ՄնաՏանը. Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թի...

ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակ...
ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակ...

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցե...
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցե...

#ՄնաՏանը | Թուրքիան Չինաստանից բացատրություն ...
#ՄնաՏանը | Թուրքիան Չինաստանից բացատրություն ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62