Խասան Հարությունյան մեծահամբավ գորիսեցու անունն ընդմիշտ մտել է նորօրյա Գորիսի կառուցման պատմության մեջ

Ամեն բնակավայր երախտագիտությամբ է հիշում իր կառուցողներին, շինարարներին...

Գորիսը եւս իր շինարարության պատմության էջերում անուններ է գրանցել` հնօրյա վարպետներից մինչեւ նորօրյա ճարտա֊րապետներ, համապատասխան կրթությամբ մասնագետ-շինարարներ:

Նրանցից մեկն էլ Խասան Հարությունյանն է, կամ ինչպես գորիսեցիներն են կոչում վաստակաշատ շինարարին` Խասան Սուրենիչը, ով 2006թ. ՀՀ-ում առաջինն է «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալի արժանացել: Խ.Հարությունյանը հարգված է քաղաքում ոչ միայն իբրեւ հայտնի ու քաղաքի կառուցման մեջ ավանդ ունեցած շինարար, այլեւ իբրեւ քաղաքի դիմագիծը կրող ավանդապահ գորիսեցի:

Ծնվել է Գորիսում 1940թ., սովորել քաղաքի Ա.Բակունցի անվան դպրոցում, ավարտել Երեւանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի

«ՀԷԿ-երի եւ գետային կառուցվածքների հիդրոտեխնիկական շինարարություն» բաժինը: 1963թ. ուղեգրով աշխատանքի է անցել «Տաթեւ ՀԷԿ»-ի շինարարությունում` որպես ավագ ինժեներ, 1972-ին դարձել Տաթեւհէկի շինվարչության պետի տեղակալ:

1973-ին նշանակվել է «Գյուղշին-6» տրեստի Գորիսի թիվ 2 շինվարչության պետ, որտեղ աշխատել է մինչեւ 1989թ.: Այդ տարիներին իր ղեկավարած շինվարչությունը յոթ անգամ արժանացել է ԽՍՀՄ Գյուղշին նախարարության եւ արհմիության կենտկոմի փոխանցիկ դրոշի: ԽՍՀՄ-ի լավագույն որակով շինարարության մրցույթում շինվարչությունն արժանացել է դիպլոմի, իսկ Խասան Հարությունյանը` պատվոգրի: Նրա լավ աշխատանքը գնահատվել է այլ կերպ եւս, եւ բացի պատվոգրերից արժանացել է կառավարական երկու մեդալի, իսկ 1977թ. եւ 1986թ. կրկնակի արժանացել «Պատվո նշան» շքանշանի: 1989թ. Խ.Հարությունյանը նշանակվել է նորաստեղծ «Գորիսշին» շինմոնտաժային միավորման տնօրեն: Միավորման կազմում ստեղծվել են ինը պետական ձեռնարկություններ: 1992թ. միավորումը վերանվանվել է Համաշինարարական պետական ձեռնարկություն` գործելով ՀՀ շինարարության նախարարության կազմում, իսկ 1995թ.` «Գորիսշին» ՓԲԸ` ՀՀ քաղաքաշինության նախարարության կազմում, որի տնօրենն է եղել եւ աշխատել մինչեւ 2002թ.:

Խասան Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության ծրագրերն իրագործելու համար արժանացել է ՀՀ ՊՆ պատվոգրի, պարգեւատրվել «Ծովակալ Իսակով» մեդալով:

Խասան Սուրենիչն ակտիվորեն մասնակցել է նաեւ Գորիսի հասարակական-քաղաքական կյանքին, եղել քաղաքային խորհրդի պատգամավոր, գործկոմի նախագահության անդամ, ՀԿԿ Գորիսի շրջկոմի անդամ, 1990-1994թթ. Գորիսի շրջանային խորհրդի պատգամավոր էր եւ գործկոմի նախագահության անդամ:

Երկարամյա շինարարը ոչ միայն տարիների ընթացքում զուտ իր աշխատանքն է կատարել, այլեւ սիրել է, հետաքրքրվել Գորիսի, հատկապես նրա կառուցման պատմությամբ եւ մեզ էլ պատմում է քաղաքի կառուցումից, գրականության մեջ դրա մասին հիշատակումներից, հին տներից… Ափսոսանքով նշում է, որ խորհրդային իշխանությունները չեն գնահատել դրանք ու չեն պահպանել, եւ ցավոք արժեքավոր շատ շինություններ են քանդվել այդ տարիներին… Պատմում է, որ հին Գորիսում հիմնականում բազալտից էին տուն կառուցում, բայց մի քանի տներ կային, որոնք կրաքարից էին: Դրանցից մեկը Յոլյանների տունն է եղել, որի մի մասը հետո Գորիսի առաջին բաղնիքը դարձավ, մյուսը` դպրոց: Շենքը հետո հրդեհվել է…

Որո՞նք են եղել խորհրդային Գորիսի առաջին շինարարական կազմակերպությունները, ո՞վ սկսեց կառուցել նոր Գորիսը, որո՞նք էին առաջին շենքերը…

Պարոն Հարությունյանը պատմում է, որ խորհրդային տարիների առաջին կառույցը եղել է դպրոցի շենքը, որը ժողովուրդն այն ժամանակվա կրթության նախարարի անունով Լուկաշինի դպրոց է անվանել: Երեք հարկանի շենքի մեկ հարկում էլ գործել է թատրոնը: Շենքը քանդվել է 1978թ., նրա տեղում քաղաքի հյուրանոցն է կառուցվել: Անհատական տներ կառուցելու թույլտվություն քաղաքում միշտ եղել է: Իսկ հանրային շինարարության համար սկզբում շրջսովետում եղել է կոմունալ բաժին: Դա, ըստ էության, քաղաքի առաջին շինարարական կազմակերպությունն է եղել, նա է սկսել շենքեր կառուցել. այդ տնտեսության գլխավոր ինժեներն ազգությամբ ռուս Իվան Պետրովիչն էր, ով էլ պատերազմից հետո ղեկավարել է Գորիսում ընթացող շինարարությունը:

Դրանից հետո Երեւանում ստեղծվել է «Հայշրջշին տրեստը», որը զբաղվել է Հայաստանի շրջաններում ընթացող շինարարությամբ, Գորիսում ունեցել է շինարարական տեղամաս, որի տնօրենը եղել է Մարտին Գիլավյանը:

Այնուհետեւ Գորիսում «Քաջարանշին տրեստի» շինտեղամասն է բացվել, պետը Կառլեն Հովակիմյանն էր: Հայգյուղշին նախարարության ստեղծումից հետո էլ մի որոշ ժամանակ Գորիսում արդեն երեք շինարարական կազմակերպություն է գործել.

«Քաջարանշինը» շինարարություն էր իրականացնում քաղաքում, «Հայգյուղշինը»` գյուղերում, ստեղծվել էր նաեւ «Տաթեւհէկշինը»:

Իր կենսագրությունը` որպես շինարար, Խասան Հարությունյանն սկսել է կես դար առաջ. դեռեւս 1960թ., երբ երկրորդ կուրսի ուսանող էր, քննություն է հանձնել Գորիսում շինարարարության աշխատանքներում ընդգրկվելու համար, գերազանց ստացել եւ չասելով, որ ուսանող է` աշխատանքի անցել ամառային արձակուրդներին… Այդ ժամանակ կառուցում էին 1-ին գիշերօթիկ դպրոցը, որը հետո դարձավ ներկայիս ԳՊՀ վարչական գլխավոր մասնաշենքը: Սեպտեմբերին շինարարությունում զարմացել են, երբ ինքը հայտնել է, թե ուսանող է եւ վերադառնում է սովորելու…

Տարածաշրջանում, այնուամենայնիվ, ամենահզոր շինարարական նախագիծը «Տաթեւհէկ»-ի շինարարությունն էր` իր ենթակառուցվածքներով, եւ պատահական չէ, որ Որոտանում Տաթեւհէկի շենքի շինարարությունը Խասան Սուրենիչն իր մասնակցությամբ իրականացված ամենամեծ գործն է համարում… Իսկ այդ շինվարչությունը զբաղվել է ոչ միայն Տաթեւհէկը կառուցելով. կառուցել են Շինուհայր բանավանը, բնակելի շենքեր` Գորիսում: Իր աշխատանքի գնահատվելը փաստելով` հպարտությամբ նշում է, որ երբ 1973-ին պետի տեղակալից դարձավ «Գյուղշին-6» տրեստի Գորիսի №2 շինվարչության պետ, երեք ամսում տրեստի դրոշ են շահել:

Իր ղեկավարությամբ կառուցված շինություններից առանձնացնում է տրիկոտաժի ֆաբրիկայի 2-րդ մասնաշենքը, փոստի շենքը, տեքստիլկոմբինատը, հյուրանոցը, հանրակացարանը, ԳՊՀ երկրորդ մասնաշենքը, դրա կողքի մանկապարտեզը:

Դրանց, իհարկե, գումարվում են հազարավոր քառակուսի մետրեր բնակելի տարածքները:

Խ.Հարությունյանը չորս տարի աշխատել է նաեւ հանրապետությունից դուրս:

Հիմա էլ նա չի թողել իր մասնագիտությունը…

Հ.Գ.

Հոդվածը` «Հիսուն տարի՝ շինարարությունում» վերտառությամբ, հրապարակվել է տասը տարի առաջ՝  «Սյունյաց երկիր» թերթի 2010 թ. մայիսի 28-ի համարում: Եվ քանի որ դրանում շատ թե քիչ ամբողջական է ներկայացվել Խասան Հարությունյանի կյանքն ու գործունեությունը, նպատակահարմար գտանք վերահրապարակել այն:

Իսկ երեկ՝ օգոստոսի 29-ին լրացավ Խասան Հարությունյանի ծննդյան 80-ամյակը:

Հարգելի Խասան Սուրենի

Ընդունեք «Սյունյաց երկրի» ջերմ շնորհավորանքը վաստակաբեռ հոբելյանի կապակցությամբ:

Ձեզ՝ առողջություն եւ երկար տարիների կյանք:

Իմացած եղեք, այսօր էլ Գորիսն ունի Ձեր փորձի եւ առհասարակ Ձեր ներկայության կարիքը:

Դրա վկայությունն է Գորիսի տարածաշրջանի վետերանների խորհրդի նախագահի պաշտոնում Ձեր նվիրական ու արդյունավետ գործունեությունը:



Աղբյուրը՝ https://syuniacyerkir.am/
Կատեգորիա: Գորիս | Ավելացրեց: Goris_Today (01.09.2020)
Դիտումներ: 1567 | Վարկանիշ: 0.0/0
Կառավարությունն առաջարկում է պաշտոնատար անձի հետ խ...
Կառավարությունն առաջարկում է պաշտոնատար անձի հետ խ...

Իրանը Չինաստանից հետո երկրորդ երկիրն է կորոնավիրու...
Իրանը Չինաստանից հետո երկրորդ երկիրն է կորոնավիրու...

ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչ...
ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչ...

Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առ...
Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առ...

«Մինչեւ հանրքավեի անցկացումը պահանջում ենք ճանաչել...
«Մինչեւ հանրքավեի անցկացումը պահանջում ենք ճանաչել...

Երևանում, Սյունիքում և ևս 5 մարզերում հոսանքազրկու...
Երևանում, Սյունիքում և ևս 5 մարզերում հոսանքազրկու...

«Քաղաքական շահարկում է». ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյ...
«Քաղաքական շահարկում է». ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյ...

Եկել է Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ կայա...
Եկել է Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ կայա...

Չարաշահումներ՝ Ույծ համայնքի միջնակարգ դպրոցում. մ...
Չարաշահումներ՝ Ույծ համայնքի միջնակարգ դպրոցում. մ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62