Ճանաչում ունեցող բժշկուհին

Աշխեն Մարտիրոսյանը՝ տարածաշրջանում առավել հայտնի բժշկուհի Աշխենը, ծնվել է 1969թ. Երևանում: Մայրաքաղաքի Գորկու անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ է, 1986թ․ ընդունվել և 1993թ. ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1996-2000 թթ. սովորել է կլինիկական օրդինատուրայում՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտացմամբ: 1996 թվականից աշխատանքի է անցել Քաջարանի բժշկական կենտրոնում՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ: 1998 թվականից նույն հաստատության մանկաբարձագինեկոլոգիական ծառայության պատասխանատուն է: Համատեղությամբ աշխատում է նաև Կապանի բժշկական կենտրոնում:

Քաջարանի բժշկական կենտրոնում հանդիպեցինք Աշխեն Մարտիրոսյանին, ով սիրով համաձայնեց շրջայց կազմակերպել բաժանմունքում՝ նորածինների հիվանդասենյակներով:  Ի դեպ, հաստատությունը հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, հիվանդասենյակներում պայմաններն առավել քան բարենպաստ են թե՛ մայրիկների, թե՛ նորածինների համար: Եղանք նաև վիրահատարանում, որտեղ կատարվում են թե՛ պլանային, թե՛ անհետաձգելի վիրահատություններ: Նման դեպքերում համագործակցում են Կապանի բժշկական կենտրոնի մասնագետների հետ:

«Մայրանալ պատրաստվող կինը փխրուն, նուրբ էակ է, հարկավոր է նրան ճիշտ վերաբերել, հոգեբանությունը հասկանալ։ Ե՛վ ես, և՛ բաժանմունքի յուրաքանչյուր աշխատակից, ի դեպ, նրանց հետ արդեն բավական ճանապարհ եմ անցել, հիվանդին վերաբերում ենք որպես հարազատի, ով մեզնից հոգատարություն և օգնություն է ակնկալում: Պատասխանատվությունը մեծ է, անձնակազմի նկատմամբ պահանջկոտությունը՝ համարժեք, չէ՞ որ գործ ունենք մարդկային կյանքի ու ճակատագրերի հետ», - այսպես սկսեց զրույցը բժշկուհին:

Հիվանդները, ինչպես և նրանց ցուցաբերվող օգնության ձևերը, տարբեր են: Աշխատանքում մեծագույն գնահատանք բժշկուհին համարում է հիվանդի երախտագիտությունը, առողջ նորածին մանկան ճիչն ու մայրիկի արագ կազդուրվելը:

«Բժիշկ դառնալն իմ երազանքն էր: Երեխաներին, հատկապես նորածիններին, անչափ սիրել եմ: Երբ երկար ժամանակով տնից բացակայում էի (խոսքս դպրոցական տարիների մասին է), մայրս գիտեր  ինձ որտեղ փնտրել. մտերիմների մոտ, ովքեր փոքրիկ ունեն: Դե, իսկ ավարտական դասարանում հստակ կողմնորոշվել էի մասնագիտության ընտրության հարցում: Տատանվում էի ուղղակի՝ մանկաբույժ, թե՝ մանկաբարձ: Արդյունքը՝ գիտեք (ժպտում է)…։ Ի դեպ, շատ սիրել եմ երաժշտությունը, չնայած դաշնամուր սահուն նվագել այդպես էլ չհաջողվեց: Փոխարենը այժմ նվագում է դուստրս, իսկ ես նրա հավատարիմ ունկնդիրն եմ»։ «Ինչու՞ գինեկոլոգ» մեր հարցին այսպես պատասխանեց։

Բժշկուհի Աշխեն Մարտիրոսյանի մասնագիտական օգնությամբ և անմիջական հսկողությամբ լույս աշխարհ է եկել 2000-ից ավելի երեխա:

Ծնելիության կտրուկ նվազում արձանագրվել է ոչ հեռավոր 90-ականներին: Բարեբախտաբար, այսօր այն բարձրանում է, ինչն ուրախալի է: Մնում է հուսալ, որ նորածիններ ավելի շատ կունենանք:

Յուրաքանչյուր մասնագետի, հատկապես բժշկի համար, կարևոր են կատարելագործվելը ու գիտելիքներով հարստանալը: Դրանում շատ են օգնում հանրապետության առողջապահության նախարարության ուղեցույցները, պարբերաբար կազմակերպվող վերապատրաստման դասընթացները:

«Հեռախոսահամարս հասանելի է հիվանդներին առանց չափազանցության ամբողջ օրվա ընթացքում, այլ կերպ լինել չի էլ կարող», - շարունակում է:

Պրոֆեսիոնալիզմից բացի, շատ կարևոր է մասնագետի, հատկապես բուժաշխատողի մարդ տեսակը: Բնականաբար, դժվար է համատեղել այս ամենը, ընտանիքում էլ՝ լավ կին, մայր ու տատիկ լինել, երկու տարին չբոլորած անդրանիկ թոռը բժշկի «թուլությունն» է:

«Ընտանիքս սատարել է ինձ, հաջողություններս են կիսել, խրախուսել, - ասում է Ա. Մարտիրոսյանը, - ես էլ արել եմ հնարավորը, որ իմ չկանոնակարգված աշխատանքից նրանք քիչ տուժեն»:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ընտանիքում տատիկը՝ Երմոնյա Կարապետյանը, Քաջարանի առողջապահության ոլոտում որպես մանկաբարձ աշխատել է 48 տարի:

Նաև հետաքրքրեց, թե ինչպես են մեկ հարկի տակ նույն ոլորտի մասնագետներով ապրում, մասնագիտական կարծիքների բախումներ եղե՞լ են, թե՞ ոչ: «Երմոնյա տատիկը եղել է իմ խորհրդատուն, - պատասխանում է բժիշկը, - նա իր գործի գիտակն էր, քաղաքում բարի համբավ ու մեծ անուն վաստակած բուժաշխատող: Հետաքրքիքր էր տարբեր իրավիճակների շուրջ լսել նրա խորհուրդները,  սովորել: Երկար տարիներ այսպես ենք անցկացրել»:

Քաջարանում, նաև՝ հարակից գյուղերում, բժիշկ Մարտիրոսյանին շատ լավ գիտեն: Իր իսկ խոսքով՝ դա էլ փոքր բնակավայրի առանձնահատկություններից է. բարևում են ժպիտով, հայացքով անգամ՝ փորձում երախտագիտություն հայտնել: Հաճելի է, ոգևորիչ, նաև՝ պարտավորեցնող:

«Ցավոք, մեր մասնագիտության մեջ ամեն ինչ չէ, որ կարող է ծրագրվածի պես ընթանալ, անշուշտ, լինում են չսպասված ցնցումներ, և հետո վերապրում ես հիվանդի հետ անցկացրած ամեն մի  դժվարին վայրկյանը, հավատացեք, փորձն ու տարիներն այս իրավիճակներում անզոր են,  պատճառներն ես ուզում հասկանալ, չէ՞ որ սխալվելու իրավունք մենք պարզապես չունենք», - հավելում է բժիշկը:

Հաճելի էր զրույցը երկու տասնամյակից ավելի Քաջարան քաղաքում միակ մանկաբարձ-գինեկոլոգ Աշխեն Մարտիրոսյանի հետ, որն ավարտեցինք՝ բժշկուհուն սպասող ապագա մայրիկներին նկատելով, ովքեր հերթական ընդունելության էին եկել:

Լիլիթ Իսրայելյան



Աղբյուրը՝ https://www.zangezur.tv/
Կատեգորիա: Կապան | Ավելացրեց: Արմինե_Հովակիմյան (05.08.2020)
Դիտումներ: 354 | Վարկանիշ: 0.0/0
Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճ...
Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճ...

Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում ...
Իսրայելում ՀՀ դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում ...

Տագնապալի վիճակ հայ-իրանական սահմանին. խուճապ պետք...
Տագնապալի վիճակ հայ-իրանական սահմանին. խուճապ պետք...

Մի քանի օր Խնձորեսկի սրբավայրերում
Մի քանի օր Խնձորեսկի սրբավայրերում

«Ծնողների էթիկայի նորմերն ենք սահմանել, որոշ ծնողն...
«Ծնողների էթիկայի նորմերն ենք սահմանել, որոշ ծնողն...

Ընթացքի մեջ են Սյունիքում Թումո կենտրոն հիմնելու ա...
Ընթացքի մեջ են Սյունիքում Թումո կենտրոն հիմնելու ա...

Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...
Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...

Վրաստանը կասեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հե...
Վրաստանը կասեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հե...

Սյունյաց աշխարհի գրչության կենտրոն Խոզնավարի սրբավ...
Սյունյաց աշխարհի գրչության կենտրոն Խոզնավարի սրբավ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62