Կապանի համայնքապետը 447 մլն դրամի պայմանագիր է կնքել հորը պատկանող ընկերության հետ

Կապանի համայնքապետարանը 2020 թ.-ին հայտարարված գնումների մրցույթներից չորսով հաղթող է ճանաչել Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ին: Այս ընկերությունը պատկանում է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ընտանիքին: Համայնքապետարանը 2020 թ.-ին Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ի հետ ընդհանուր 447 մլն դրամի պայմանագիր է կնքել՝ հայտարարված 4 մրցույթների համար: 

Ընկերությունը Կապանում պետք է իրականացնի հետևյալ շինարարական աշխատանքները ՝

  1. փոսային նորոգման աշխատանքներ, որի արժեքը 3 մլն100 հազար դրամ է,
  2. ճանապարհների, բակերի, մայթերի վերանորոգման աշխատանքներ, որի արժեքը 213 մլն դրամ է,
  3. Կապան քաղաքի Ռ.Մինասյան, Կավարտ տանող ճանապարհի նորոգման աշխատանքներ, որի արժեքը մոտ 10 մլն դրամ է,
  4. Կապան, Գեղանուշ և Արծվանիկ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների, փողոցների, մայթերի և բակերի հիմնանորոգում, որի արժեքը  221 մլն 450 հազար դրամ է:

Հատկանշական է, որ համայնքի ղեկավարի հոր ընկերությունը նշված մրցույթների միակ մասնակիցն է եղել, մինչդեռ համայնքապետարանի այլ գնումներով հայտարարված մրցույթներում մի քանի հայտատու է գրանցվել: 

Կապանի «Նորոգշին» ընկերությունը մասնակցել է նաև Կապանի մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների համար համայնքապետարանի հայտարարած մրցույթին և դարձյալ միակ մասնակիցն է: Հայտը գտնվում է գնահատման փուլում, սակայն դատելով համայնքապետարանի որդեգրած աշխատաոճից, հաղթող է ճանաչվելու Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ն: Կապանի թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստության (ՆՈՒՀ) վերանորոգման աշխատանքների համար ընկերությունը մոտ 180 մլն դրամի հայտ է ներկայացրել:

Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ն պետք է շահերի բախման բացակայության մասին հայտարարություն ներկայացներ Ֆինանսների նախարարության www.procurement.am կայքում: Քանի որ կայքի փնտրման համակարգը չի աշխատում, չենք կարող ասել՝ նման հայտարարություն ներկայացրե՞լ է, թե՝ ոչ: Չներկայացնելն ըկերությանը չի ազատում շահերի բախման փաստը թաքցնելու պատասխանատվությունից, բայց Գևորգ Փարսյանն այդպես չի մտածում: «Մենք շահերի բախում չունենք այդ առումով»,- հայտնեց նա:

Մեր հարցին, երբ Ձեր հոր ընկերությունը, Ձեր ղեկավարած համայնքում մասնակցում է հայտարարված մրցույթին և հաղթում է, շահերի բախում չե՞ք տեսնում այստեղ: «Բայց ինչո՞ւ պիտի շահերի բախում համարվի: Չէ, ո՞նց կարող է, բաց, էլեկտրոնային մրցույթ է, ցանկացած կազմակերպություն կարող է մասնակցել, որտե՞ղ է արգելված: Ես չեմ հանդիսանում այդ կազմակերպության շահառուն և փոխկապակցվածությունը չկա, օրենքի առումով խնդիր չունենք»,-ասաց մասնագիտությամբ իրավաբան համայնքի ղեկավարը: 

Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ն մասնակցել է նաև Կապանի համայնքապետարանի 2019թ. հայտարարված գնումների մրցույթներին: Ի տարբերություն այս տարվա, երբ շահած մրցույթների մեծ մասում նա միակ մասնակիցն է եղել, նախորդ տարում նրանց ներկայացրած բոլոր հայտերը մրցակիցներ են ունեցել: Մեկ հայտով մինչև 8 ընկերություն է մրցույթին մասնակցել: Չենք կարող ասել, թե անցյալ տարի համայնքապետ որդին դրանցից քանիսն է շնորհել հորը, քանի որ Կապանի համայնքապետարանը պայմանագրերը չի հրապարակում https://armeps.am կայքում: Գ. Փարսյանն ասում է, որ ստույգ չի հիշում, բայց կարծես մի մրցույթում է հաղթող ճանաչվել: 

Գևորգ Փարսյանը Կապանի համայնքապետ ընտրվեց 2018թ. հոկտեմբերի 26-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններով: 2018թ. հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխության հետևանքով նախկին համայնքապետը հրաժարական տվեց և ընտրվեց Գ. Փարսյանը: Ինքնակենսագրականում նորընտիր համայնքի ղեկավարը ներկայացրել էր, որ «Ռազ-բիլդինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, աշխատել է նաև Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ում: Համայնքի ղեկավար ընտրվելուց հետո, 2018թ. նոյեմբերին նա «Ռազ-բիլդինգ» ՍՊԸ-ում իր ունեցած 100% բաժնեմասը փոխանցել է այլ անձի: 

Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ն, որը պատականում է նրա հորը՝ Ռազմիկ Փարսյանին, հիմնվել է 2008թ.-ին, և վերջինս մինչ օրս հանդիսանում է ընկերության 100% բաժնեմասի տերը: Ընկերությունն զբաղվում է շինարարական աշխատանքներով: Հայր և որդի գրանցված են նույն հասցեում և որպես ընտանիքի անդամներ, ամեն տարի պարտավոր են հայտարարագիր ներկայացնել իրենց եկամուտների մասին: Ռազմիկ Փարսյանը 2019թ.-ին ներկայացրած հայտարարագրով, որը վերաբերում է 2018-ի ֆինանսական եւ գույքային վիճակին, 223 մլն դրամ շահաբաժին էր հայտարարագրել, իսկ 2019-ի համար հայտարարագիր չի ներկայացրել: 

Գևորգ Փարսյանն ասում է, որ հայրը հայտարարագիր չպետք է ներկայացներ: «Ընտանիքի անդամներից լրացնում են այն մարդիկ, ովքեր պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվում են, մենք նույն հասցեում ենք հաշվառված, բայց համատեղ չենք բնակվում»,- հայտնեց նա:

2020թ.-ին կառավարությունը 6 սուբվենցիոն ծրագիր է հատկացրել Կապանի համայնքապետարանին, որից մեկն էլ վերը նշված «Կապան, Գեղանուշ և Արծվանիկ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների, փողոցների, մայթերի և բակերի հիմնանորոգման աշխատանքներն են»՝ ընդհանուր 1 մլրդ 7 մլն 423 հազար դրամ արժեքով: Հաստատված 6 ծրագրերից ամենամեծ գումարը սրան է հատկացվել: Իսկ ընդհանուր 6 ծրագրերի հաստատված արժեքը կազմում է ավելի քան 2 մլրդ 105 մլն դրամ, որից 838 մլն դրամը համայնքի ներդումն է, 1 մլրդ 267 մլն դրամը՝ պետական բյուջեից տրված գումարն է:

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ըտրվելուց մի քանի ամիս հետո, 2019թ. ապրիլի 10-ին հանձնաժողով է ստեղծել, որի խնդիրն է «համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացվող շինարարական  և հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումն ապահովելը, շինարարական և վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքը վերահսկելը և ավարտը գնահատելը»: Հանձնաժողովը գլխավորում է Գևորգ Փարսյանը, իսկ անդամները՝ համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներն են և ավագանու երկու անդամ:

Շահերի բախման հիմնական երեւույթներից մեկը դրսեւորվում է ձեռնարկատիրական գործունեության ժամանակ: Սակայն այս հանձնաժողովը լիազորված չէ քննարկելու շահերի բախման հարցերը: Հանձնաժողովը պետք է հետևի, որպեսզի շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունները պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման համար հատկացված միջոցները նպատակային օգտագործեն: Իսկ եթե, օրինակ իր ընտանիքին պատկանող Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ն ոչ նպատակային օգտագործի այդ միջոցները, ի՞նչ է պատրաստվում անել Գ. Փարսյանը: Այդ մասին հանձնարարականի մեջ ոչինչ չի ասվում: 



Աղբյուրը՝ https://hetq.am/
Կատեգորիա: Կապան | Ավելացրեց: Goris_Today (21.08.2020)
Դիտումներ: 499 | Վարկանիշ: 0.0/0
Արցախում կդադարեցվեն հանրակրթական և նախադպրոցական ...
Արցախում կդադարեցվեն հանրակրթական և նախադպրոցական ...

Քաջարան քաղաքում, «Մեղրու սար», Սիսիան-«Զանգեր» և ...
Քաջարան քաղաքում, «Մեղրու սար», Սիսիան-«Զանգեր» և ...

Գորիսի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ն...
Գորիսի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը ն...

Իրանում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակ...
Իրանում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակ...

Վրաստանը կասեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հե...
Վրաստանը կասեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հե...

Տեղում Տեառնընդառաջ էր
Տեղում Տեառնընդառաջ էր

Թուրքիայի զորախմբերի հարձակումներն Իդլիբում սկսվել...
Թուրքիայի զորախմբերի հարձակումներն Իդլիբում սկսվել...

Բաքվում դրությունը ծանր է՝ Ալիեւը բերման է ենթարկե...
Բաքվում դրությունը ծանր է՝ Ալիեւը բերման է ենթարկե...

Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Հալեպը և դր...
Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Հալեպը և դր...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62